Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունն արցախցիներին կտրամադրի միանվագ դրամական աջակցություն


Հայաստան - Դիլիջանում ապաստանած արցախցի երեխաներ, հոկտեմբեր, 2020թ.

Հայաստանի կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68-հազարական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:

Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ, կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15 հազար դրամի չափով:

Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբերին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել: Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:

Դիմել չեն կարող նաև 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի ներկայացուցիչները, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։

Աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG