Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաղորդում է Լաչինի միջանցքի ականազերծման մեկնարկի մասին


Ռուսաստանցի խաղաղապահները ժամանում են Արցախ, 13-ը նոյեմբերի, 2020թ.

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախումբը սկսել է Լաչինի միջանցքի ականազերծումը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տեղի է ունենում ճանապարհի մաքրումը պայթյունավտանգ իրերից և չպայթած սպառազինությունից։ Ճանապարհն այժմ նախապատրաստվում է այն փախստականների վերադարձին, որոնք ցանկանում են հետ գնալ Ստեփանակերտ», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյությում երևում է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի երկայնքով ընթացող աշխատանքներում ծանր շինարարական տեխնիկա է ներգրավված, նկատելի են նաև նաև Լեռնային Ղարաբաղի պետական մարմիններին պատկանող ավտոմեքենաները։

Ռուսական մի շարք աղբյուրների տեղեկություններով, ի դեպ, ճանապարհի բացման աշխատանքներին մասնակցում են նաև հայ և ադրբեջանցի զինվորականները։ Նրանք, սակայն, ըստ ռուսական Առաջին ալիքի, այդ աշխատանքներին մասնակցում են բացառապես անզեն։ «Մայրուղու վրա ընթացող աշխատանքների ժամանակ զենք կրելու իրավունք ունեն միայն ռուսաստանցի խաղաղապահները», - պնդում է ռուսաստանյան հեռուստաընկերությունը։

Ռուսաստանցի զինվորականները նաև հայտարարում են, որ հակամարտության գոտում տեղակայված զորախումբը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող շարասյունների անվտանգությունը։ Այդ գործընթացն, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել է։

Անցած գիշեր ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ է ժամանել փախստականների տեղափոխող թվով երկրորդ շարասյունը։ Դրանում, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, 19 ավտոբուս է եղել, որոնցով ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի 475 բնակիչներ են վերադարձել Ստեփանակերտ։

Լաչինի մայրուղու երկայնքով ընթացող ականազերծման աշխատանքներին զուգահեռ փախստականներին տեղափոխող շարասյունը Ստեփանակերտ է ժամանել հյուսիսային՝ Վարդենիս-Քելբաջար-Մարտակերտ ճանապարհով։ Այս շրջանում, քաղաքացիական մեքենաներն ուղեկցող ռուսական ստորաբաժանումներից բացի, նաև մեկ ստացիոնար ռուսական անցակետ է տեղակայվել Դադիվանք վանական համալիրի հարևանությամբ։ Reuters գործակալությունը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել Դադիվանքից՝ զրուցելով նաև վանական համալիրի սպասավորներից մեկի՝ հայր Մովսեսի հետ։

«Ես չգիտեմ ինչ է լինելու։ Վեհափառը հրահանգել է ինձ մնալ այստեղ վանահոր հետ, մինչև իշխանությունները կորոշեն հետագա անելիքները։ Բայց մենք ուրախ ենք, որ ռուս զինվորները, մեր եղբայրները այստեղ են՝ սահմանը և վանքը պաշտպանելու նպատակով։ Մենք նրանց մեր օրհնությունն ու պաշտպանությունն ենք առաջարկում», - նշում էր հայ հոգևորականը։

Հավելենք, ի դեպ, որ ռուսաստանցի զինվորականների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում դեռ չի ավարտվել, և դատելով պաշտոնական աղբյուրներից՝ այդ գործընթացի վերջը դեռ չի էլ երևում։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ վերջին 24 ժամերին Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի ռազմական օդանավակայանից Երևան է ժամանել Իլ-76 մակնիշի 18 և Ան-124 «Ռուսլան» մակնիշի երկու բեռնատար օդանավ, որոնցով 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողների և տեխնիկայի նոր խմբաքանակ է Հայաստան տեղափոխվել։

«Ընդհանուր առմամբ Երևանի օդանավակայան է հասցվել 58 միավոր տեխնիկա՝ այդ թվում զրահամեքենաներ, ամենագնաց բեռնատարներ, էքսկավատորներ և ավտոմոբիլային ցիստերններ», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

XS
SM
MD
LG