Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու հարցում Ադրբեջանին մեծապես աջակցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիմա էլ սպառնում է լուծել Կիպրոսի հարցը։
Կիրակի օրը նա այցելել է կղզու Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային հատված, որտեղ հայտարարել է, թե տասնամյակներով ձգձգվող խնդիրը պետք է լուծվի երկու իրավահավասար պետություն ստեղծելու միջոցով։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսն այլևս չեն հանդուրժի «դիվանագիտական խաղերը» Միջերկրականի արևելքում էներգակիրների ռեսուրսների պատկանելության հարցում։
«Մեր առաջնահերթությունը Կիպրոսի խնդրի արդար, կայուն ու երկարատև լուծումն է, որը կերաշխավորի Կիպրոսի թուրքերի անվտանգությունն ու օրինական իրավունքները։ Պետք է համաձայնեցվի երկու պետություն սկզբունքը իրավահավասարության հիմքի վրա», - հայտարարել է Էրդողանը։
Կիպրոսը երկու մասի է բաժանվել 1974 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային հատված։ Այնտեղ ստեղծած Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետությունը ճանաչում է միայն Անկարան, հարաբերություններ չկան անգամ կղզու հունական հատվածի հետ, որը ոչ միայն միջազգայանորեն ճանաչված պետություն է, այլ նաև Եվրամիության անդամ։
Անցած ամիս թուրքական Կիպրոսի այսպես կոչված «նախագահական ընտրություններում» հաղթած Էրսին Թաթարը նույնպես երկու պետության սկզբունքի կողմնակից է։ Նրա նախորդը կողմ էր կղզու վերամիավորմանը:
Կիպոսի Հանրապետությունը Էրդողանի այցը սադրիչ ու անօրինական է որակել։
Անկարան բացարձակապես չի հարգում միջազգային իրավունքը, եվրոպական սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաև Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Կիպրոսի նախագահի գրասենյակը։
Էրդողանն այցելել է չեզոք գոտում գտնվող, 1974 թվականից ցանկապատված Վարոշա ծովափնյա քաղաքը, անցած ամիս Անկարան պաշտպանել էր ցանկապատները մասնակորեն բացելու գաղափարը:
Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ տարածաշրջանում Թուրքիան ցույց է տալիս իր ռազմական մկանները, այդ թվում՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի դեմ մի քանի շաբաթ շարունակված պատերազմում։
Էրդողանը հայտնել է, որ թուրքական Կիպրոսի նախագահ Թաթարը շուտով այցելելու է Ադրբեջան՝ «բարելավելու իրավիճակը»: Նա չի հստակեցրել, թե խոսքը ինչ բարելավման մասին է, սակայն Reuters-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։
Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, ընդհատվել են 2017 թվականին: