Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված հարցեր:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:
Այնուհետև, համաձայն հաղորդագրության, ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Անդրադարձ է կատարվել նաև արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնրարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավեագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար: