Մատչելիության հղումներ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին


ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ նոյեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները:

Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Հայաստանի արտգործնախարարը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, համապարփակ ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:

ԱԳ նախարարը շեշտել է տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում:

Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG