Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի «դասերը»


Ադրբեջանական կողմի խոցված ԱԹՍ-ն Լեռնային Ղարաբաղում, լուսանկարը` Հայաստանի կառավարության մամուլի ծառայության

Ապագայի պատերազմ` այսպես են փորձագետները բնորոշում Ղարաբաղում վեց շաբաթ շարունակված ռազմական գործողությունները, ընդգծելով` դրանցում լայնորեն գործածված անօդաչու թռչող սարքերը դառնում են այս դարաշրջանի պատերազմների այցեքարտն ու խորհրդանիշը։ 44-օրյա մարտերից հիմա շատերն են հետևություններ անում, և անգամ աշխարհում ռազմական ներուժով առաջինը համարվող երկրում՝ Միացյալ Նահանգներում են հայտարարում, որ անհրաժեշտ է վերանայել մոտեցումները հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցում։

Դեռ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, մասնավորապես, Ամերիկայի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար, գեներալ Ջեյմս Մաքքոնովիլը, մեկնաբանելով ղարաբաղյան պատերազմում ստեղծված իրավիճակը, "Army Times"-ի հետ զրույցում ասել էր․ «Ամերիկան առավելություն ուներ օդում, բայց դա անպայմանորեն չի երաշխավորում, որ նույնը կլինի նաև ապագայում։ Ինչպես տեսնում ենք ղարաբաղյան պատերազմում և այլ տեղերում, օգտագործվում են հարվածային ԱԹՍ-ներ, և մենք պետք է հաշվի նստենք դրա հետ»։

Ամերիկյան զինուժի արդիականացմամբ զբաղվող հատուկ հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն․ Մ․ Մուրայն էլ մեկ այլ հետևություն էր արել․ «Իրաքյան պատերազմում, այդ թվում՝ «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ, մենք գուցե կարող էինք մի քանի տասնյակ րոպե ծախսել, որպեսզի որոշենք թիրախն ու հարված հասցնենք, բայց երբ նայում ենք ապագա մարտերի կանխատեսումներին, ապա մենք այդքան ժամանակ այլևս չենք ունենալու»։

Ամեն ինչ կատարվում է հաշված րոպեների ընթացքում․ «Նախ, երևում են խրամատներում կանգնած զինվորները, հետո գալիս են հարվածները, ու տեղում ծխից բացի, այլ բան չի մնում,- իր հերթին նկատում է ՛՛Washington post՛՛-ի մեկնաբանը, հավելելով,- ԱԹՍ-ները հսկայական առավելություն տվեցին Ադրբեջանին և դարձան ամենավառ ապացույցը, թե ինչպես է փոխվում ռազմադաշտը, և ինչ տեսք է այն ունենալու ապագայում»։

Բրիտանական BBC-ն արձանագրում է՝ զինատեսակն այնքան նոր է, որ առայժմ աշխարհում ռազմական ԱԹՍ-ների դասակարգման համընդհանուր համակարգ չկա․ փորձագետների մի մասը դրանք բաժանում է ըստ տեխնիկական չափորոշիչների՝ թռիչքի տևողության, բարձրության, մյուսները՝ ըստ դրանց առջև դրված առաջադրանքների՝ հարձակողական կամ հետախուզական։

Թուրքական Bayrektar TB2-ները, որոնք լայնորեն կիրառվեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմում, կարող են օդում մնալ մոտ մեկ օր, դրանցից 3,5 ավելի ծանր ամերիկյան ԱԹՍ-ը՝ MQ-9 Reaper -ը՝ 14 ժամ։ Դա հնարավորություն է տալիս անօդաչու թռչող սարքերին անմիջականորեն ռազմական գոտում չգտնվելով՝ միաժամանակ մնալ այն հեռավորության վրա, որը թույլ է տալիս ամենակարճ ժամանակում անցնել հարձակման։ Փաստացի, անօդաչուն ժամեր շարունակ հերթապահում է՝ սպասելով հարմար պահի՝ թիրախներին խոցելու կամ ցամաքային զորքերին օդից աջակցելու համար։ Ընդ որում, հնարավոր հարվածների ուժգնությունը պետք չէ թերագնահատել. «Ամերիկյան MQ-9 Reaper-ը, օրինակ, կարող է իր հետ մինչև 1,7 տոննա ռումբ տեղափոխել, Bayrektar TB2-ը՝ շատ ավել քիչ` 150 կգ, բայց անգամ դա բավարար եղավ Ղարաբաղում մարտական գործողություններում արդյունավետ գործածության համար»։

Ոչ պակաս արդյունավետ են նաև, այսպես կոչված, Կամիկաձեները, որոնք շատ թեթև են, կարող են օդում մնալ վեցից ութ ժամ՝ սպասելով հարձակման հրամանի, միևնույն ժամանակ համալրված են, այսպես կոչված, թևավոր հրթիռներով և հաշված րոպեների ընթացքում կարող են ծանր զրահատեխնիկա շարքից հանել։ Ըստ ռազմական ԱԹՍ-ների հետազոտությամբ զբաղվող ամերիկյան Բարդ Քոլեջի, դեռ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի զինանոցում եղել են իսրայելական Skystriker տիպի հարյուր և Harop տիպի 50 այդպիսի սարքեր։ Բացի այդ, նույն աղբյուրի համաձայն, Ադրբեջանը նաև համատեղ արտադրություն է սկսել Իսրայելի հետ։

Անօդաչուների հիմնական առավելությունը, սակայն, դրանց գինն է, ցանկացած դրոն շատ ավելի էժան է, քան նույն նպատակով կիրառվող ռազմական ուղղաթիռները, գրոհիչներն ու կործանիչը։ Skystriker-կամիկաձեն, օրինակ, ըստ "Defencenews" կայքի, արժե մոտ մեկ միլիոն դոլար, դրանով, սակայն, կարելի է խոցել ժամանակակից հրասայլ կամ հրիթռային համակարգ, որոնք շատ ու շատ ավելի թանկ են։

Ռազմական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող կայքերից մեկը՝ "Oryx"-ը, հետազոտելով ղարաբաղյան պատերազմում կողմերի հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները, պնդում է՝ հայկական կողմն օրինակ, 85 T-72 հրասայլ է կորցրել, ադրբեջանական բանակը՝ դրանից մոտ ութ անգամ քիչ՝ ընդամենը 22։ «Ու թեև անկախ աղբյուրների միջոցով հնարավոր չէ այս փաստերը ճշգրտել, սակայն, ակնհայտ է, որ հայկական կողմի կորուստները շատ ավելի մեծ են եղել», - պնդում են փորձագետները։

BBC-ի հետ զրույցում փորձագետները նաև պատերազմի ելքը բացատրող այլ պատճառ են մատնանշում․ «Հակամարտությանը հետևողներիս համար լրիվ անսպասելի էր, որ Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունը այդքան վատ էր կազմակերպված»,- ասել է ռազմական փորձագետ Իլյա Կրամնիկը։ ՀՕՊ ոլորտի մեկ այլ փորձագետ՝ Միխայիլ Խոդարենկոն էլ պնդել է, թե օդում ավիացիայի կիրառումը կարող էր արմատապես փոխել իրավիճակը․ «Հասարակ, բրազիլական «Սուպեր Տուկանո» գրոհայինը կես ժամում կվերացներ այդ Բայրաքթարները»,- BBC-ին ասել է փորձագետը, միաժամանակ փաստել, որ արդյունավետ ՀՕՊ ունենալու համար ֆինանսական լուրջ միջոցներ են պետք։

Այս պայմաններում համեմատաբար էժան անօդաչուները, ըստ փորձագետների, կարող են բեկում մտցնել ռազմադաշտում։ «Օդում առավելություն ունենալը շատ թանկ հաճույք է, բայց այսօր, համեմատարար էժան ԱԹՍ-ների` հետզհետե ավելի համալրվող տեսականին հնարավորություն է տալիս պետություններին հզորացնել իրենց կարողությունները օդում՝ ծախսելով ավանդաբար այս նպատակի համար տրամադրվող միջոցների ընդամենը մի փոքր մասը»,- գրում է "Washington post"-ը, հավելելով. «Հեռվից կառավարվող այդ սարքերը հիմա անգամ ստիպում են մտածել՝ որքանով է արդյունավետ ծանր զրահատեխնիկան, և արդյոք չի ավարտվել դրանց դարաշրջանը»։

Հարձակողական ԱԹՍ-ների արտադրությամբ առաջինն աշխարհում սկսել են զբաղվել Միացյալ Նահանգներում, սակայն, Ամերիկան այսօր լայնածավալ արտահանում չի իրականացնում, փաստում է BBC-ն։ Շուկայի հիմնական դերակատարներն են Չինաստանը, Թուրքիան և Իսրայելը։

XS
SM
MD
LG