Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանի, Նիկոլ Փաշինյանը նոր չի իմացել բանակի իրական վիճակի մասին


Նիկոլ Փաշինյանը նոր չի իմացել բանակի իրական վիճակի մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Հարությունյան, հնչում են վարչապետի հրաժարականի կոչեր, արդյոք դա այս պահին կարո՞ղ է վիճակ փոխել, փոխել դրությունը:

Հարությունյան. - Ես չեմ կարծում, թե իշխանության հրաժարականն այսօր կարող է բերել դրական որևէ բանի, առավել ևս եթե ի կատար ածվեն այն ուժերի պահանջները, որոնք այսօր պահանջում են: Այսօր հրապարակում եղած ուժերից զատ Հայաստանի Հանրապետությունում կան այլ քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ ու դեմքեր, որոնք հրապարակում չեն երևում, բայց շատ ավելի ծանրակշիռ են, շատ ավելի լուրջ դերակատարում կարող են ունենալ երկրի ապագա զարգացումներում: Բայց այդ ուժերը նման պահանջ ներկայացնելու իրավունք ունեն, այդ ուժերի պահանջը բացատրելի է, և դրանից խուսափել հնարավոր չէր:

«Ազատություն». - Երբ ասում եք, որ չեք կարծում, թե հրաժարականը կարող է վիճակ փոխել, այս առիթով նույն այդ ուժերն ասում են, որ նոր բանակցողը խաղի նոր կանոններ կարող է բերել, այդ փաստաթղթի վնասները մեղմել: Ինչ-որ շրջանակներ ընդհանրապես ասում են, որ մենք կգանք ստորագրությունը հետ կվերցնենք:

Հարությունյան. - Ստորագրությունը հետ վերցնելու մասին խոսակցություններին լուրջ մոտենալ չի կարելի, այդ ստորագրությունն արդեն դրված է, և այն հետ վերցնել հնարավոր չի: բայց մի շատ կարևոր հանգամանք կա, ճիշտ է՝ մենք կորցրել ենք շատ բան, ես վստահ եմ, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը ստորագրել է պարտավորված և որևէ ձայնի իրավունք չի ունեցել, ես վստահ եմ, որ սա կապիտուլացիա է, նաև վստահ եմ, որ այս փաստաթղթից հնարավոր կլինի ապագայում ճիշտ դիվանագիտական աշխատանքի արդյունքում կորզել ավելին, քան տալիս է մեզ այսօր այս փաստաթուղթը: Բայց նաև վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը դա անել չեն կարող: Նրանք չունեն այդ կարողությունները, այդ ունակությունները:

Վերջին 2,5 տարին ցույց տվեց, որ «Իմ քայլը» լիդերով հանդերձ չի կարողանում դիմակայել և չի կարողանում իրեն ճիշտ դրսևորել դիվանագիտական դաշտում: Ընդհանրապես նրանք այդ դաշտում չեն եղել: Եթե հիշենք իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բանակցությունները սկսում է իր կետից, ես չհասկացա այդպես էլ երկու տարվա ընթացքում, թե ինչ է նշանակում իր կետից բանակցություններ սկսել: 20 տարուց ավելի ձգվող բանակցությունները փակուղի մտցվեցին, ինչի արդյունքում մենք ունեցանք այս արյունալի, այս դաժան պատերազմը և այս ծանր կորուստները: Կարծում եմ՝ եթե ցուցաբերվեր ճիշտ մոտեցում, եթե չլիներ այն մաքսիմալիզմը, որ որդեգրել էին տարիներ շարունակ և հատկապես այս վերջին երկու տարիների ընթացքում, մենք կորուստների առաջ չէինք կանգնի: Հայաստանում «Իմ քայլից» դուրս կան կարող ուժեր, որոնք կարող են ներգրավվել և շտկել իրավիճակը:

«Ազատություն». - Այսինքն, այնուամենայնիվ, գնա՞լ արտահերթ ընտրությունների:

Հարությունյան. - Այսինքն ինչ էլ, որ տեղի ունենա, պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ: Դրանք չպետք է լինեն բախումների արդյունքում, պետք է լինեն ընտրություններ, գործող իշխանությունները պետք է առաջին հերթին հասկանան, թե ուր են հասցրել երկիրը, իրենց պատասխանատվության հսկայական չափը, իրենք պետք է հասկանան, որ ապագայի համար նույնպես պատասխանատու են և էլ ավելի չխորացնեն մեր վիճակը: Այո, տարատեսակ լայվերի փոխարեն, տարատեսակ «բոլորս ենք մեղավոր» բացականչությունների փոխարեն պետք է հանդես գան սառը դատողությամբ և ճիշտ առաջարկներով. կլինի դա արտահերթ ընտրությունների ձևով, թե այլ ձևով, բայց անպայման խաղաղ, առանց բախումների ճանապարհով ելք գտնելն է կարևոր:

«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք, որ այս վիճակին Փաշինյանը կարող էր չհասցնել պետությունը՝ օգտագործելով 2,5 տարի առաջ ունեցած իր բարձր լեգիտիմությունը միջազգային հեղինակությունը և բանակցությունների միջոցով մեկ տարի առաջ էդ մի քանի շրջանը զիջելով լուծել այս հարցը:

Հարությունյան. - Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, անձամբ ես և ես վստահ եմ, որ ոչ միայն ես Հայաստանում, միջազգային հանրության շրջանակներում շատ-շատերը մեծ հույսեր էինք կապում նրա հետ: Նա պատերազմի կուսակցությունից չէր, նա Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմից չէր, նա, որը դուրս էր այդ ամեն ինչից, հույս կար, ես ինքս ունեցել եմ այդ հույսը և հիմնական պատճառներից մեկը, որ ես միանշանակորեն աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին, տեսնելով նրա բացասական դրսևորումները լռել եմ, դա եղել է այն, որ նա կկարողանա այս կարևորագույն խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով:

Երբ նա սկսեց հրաժարվել բանակցություններից, երբ նա, ըստ էության, հայտարարեց, թե բանակցությունները սկսում է անհասկանալի ինչ-որ կետից, որն անվանում էր իր սեփական կետ, արդեն վտանգը ես զգում էի, տեղյակ էին, որ բանակը թալանվել է անընդհատ և որ բանակը չունի այն ներուժը, որ պետք է ունենա հակառակորդին դիմակայելու համար:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG