Մատչելիության հղումներ

«Հրադադարն ամրապնդում է Թուրքիայի տեղը Ռուսաստանի հետնաբակում»


Ռուսաստանցի խաղաղապահների օդանավը վայրէջք է կատարել Էրեբունի օդակայանում, Երևան, 10 նոյեմբերի, 2020թ.

Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղյան պատերքազմին:

«Մոսկվայի ազդեցությունը նվազել է, պարապը լրացնում է Թուրքիան»

Financial Times-ի փոխանցմամբ, Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումով սառեցվող պատերազմում Ադրբեջանի հաջողությունը երաշխավորվել է Թուրքիայի անմիջական միջամտությամբ, Թուրքիան ամրապնդում է իր տեղը Ռուսաստանի հետնաբակ և ազդեցության գոտի համարվող աշխարհաքաղաքական տարածքում:

«Ռուսաստանի «հաճախորդը» զիջում է, Թուրքիայի դաշնակիցը հասնում է վճռական առավելության, մռայլ իրականությունն արտաքին քաղաքական ասպարեզում հաջողությամբ միջնորդելու խաբուսիկ բարակ շղարշի ետևում է՝ Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցությունն էապես նվազել է, և պարապը կռվարար Անկարան է լրացնում», - կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական վերլուծությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:

«Եվրոպան սահմանափակվել է ամպագոռգոռ հայտարարություններով»

«360 աստիճան» անվամբ ռուսական առցանց հանդեսում լույս է տեսել «Նայելով Եվրոպային՝ կորցրեցին ամեն ինչ» վերնագրած հոդվածը, ըստ որի, ԱՊՀ երկրները երես են թեքում Ռուսաստանից և առավել հաճախ հայացքն ուղղել են դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ, բայց իրական աջակցության փոխարեն ստանում են կոնֆլիկտներ, որոնց արդյունքում Ուկրաինան զրկվել է Ղրիմից, իսկ Վրաստանը՝ Հարավային Օսիայից և Աբխազիայից: Հայաստանի վարչապետը մնացել է ոչ միայն առանց Ղարաբաղի, այլև վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Քաղաքագետ Անդրեյ Արեշևի համոզմամբ, Երևանում հույս են կապել Արևմուտքի, ընդ որում ոչ այնքան ԱՄՆ-ի, որքան Եվրոպայի հետ, սակայն պատերազմի 40 օրվա ընթացքում Հայաստանին Եվրոպայի ցուցաբերած աջակցությունը՝ ինչպես դա եղել է վերջին 100-150 տարիներին, սահմանափակվել է սոսկ ամպագոռգոռ հայտարարություններով:

«Ղարաբաղում Ռուսաստանի հաղթանակը Եվրամիության պարտությունն է»

Քաղաքական լրագրության ոլորտում աշխատող Politico ամերիկյան մեդիա-կենտրոնի առցանց պարբերականը հրապարակել է «Ղարաբաղում Ռուսաստանի հաղթանակը Եվրամիության պարտությունն է» վերնագրով հոդվածը:

«Կոնֆլիկտը վերստին սառեցվում է, և արդյունքում ուրվագծվում է երկու հստակ հաղթող՝ Ռուսաստանը և Թուրքիան: Եվրամիությունն այդպես էլ կմնա դիտորդի դերում, քանի դեռ չի վերանայում իր ռազմավարությունն այդ տարածաշրջանում», - համոզված է վերլուծաբան Նիկու Պոպեսկուն:

«Պուտինը կարող էր բնում խեղդել պատերազմը»

«Ալիևի ռազմական լուծումը Պուտինի պարտությունն է» վերնագրի ներքո Bloomberg-ում լույս է տեսել Լեոնիդ Բերշիդսկու հոդվածը: Հեղինակի համոզմամբ, Մոսկվայի ավելի քան մեկ ամիս տևած կրավորական դիրքորոշման մի քանի պատճառներից մեկը վերաբերմունքն է Փաշինյանի նկատմամբ:

Հոդվածագիրը գրել է, որ գալով իշխանության, Փաշինյանն ամեն կերպ փորձել է վստահեցնել Պուտինին, որ ազատականացումների քաղաքականությունը և պայքարը կոռուպցիայի դեմ ոչ մի աղերս չունեն Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության հակառուսական բնույթի հետ:

Հոդվածում նաև նշված է՝ Պուտինն արտաքուստ լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի նոր ղեկավարի հետ, բայց նա սկզբունքորեն ատում է ընդվզումները նախկին խորհրդային տարածքում: Ի վերջո, Պուտինը կարող էր բնում խեղդել այս պատերազմը, եթե սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին զորք ուղարկեր, կամ գոնե սպառնար դրանով: Ռուսաստանի ազդեցության գոտում մնալու Հայաստանի ցանկությունը վստահ կնվազի, Ադրբեջանն էլ էլ ավելի կամրացնի կապերը Թուրքիայի հետ:

«Ռուսաստանի՝ հուսալի դաշնակցի վարկն է տուժում, փոխարենն ավելի են քաջալերվում նրանք, ովքեր ենթադրում են, որ ԱՊՀ տարածքում սառեցված կոնֆլիկտները կարելի է լուծել հենց ռազմական ճանապարհով, քանի որ Ռուսաստանը չի միջամտի: Վրացիները, ուկրաինացիները, մոլդովացիները կարող են փորձել իրենց հարցերը լուծել», - գրել է հոդվածագիրը:

«​Գրեթե անհնարին է կողմերին համոզել գալ համաձայնության»

«Ինչ են Թուրքիան և Ռուսաստանը շահել այս պատերազմից» վերնագրով ռեպորտաժ է պատրաստել BBC բրիտանական հեռուստառադիոկայանը: Թուրքիայի համար սա առիթ էր ընդգծելու իր աճող դերը Հարավային Կովկասում:

Ռեպորտաժում նշվում է, որ Մոսկվայի համար միջնորդություն ստանձնելու նվաճումը կարող է հայտնվել վտանգի տակ, քանի որ եռակողմ համաձայնագրում շատ են անորոշ կետերը: Հինգ տարի անց համաձայնության ժամկետը կսպառվի, և թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը կարող են այն այլևս չերկարաձգել:

BBC -ն վկայակոչում է Քարնեգիի կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Գաբուևին, ով նշում է, որ կոնֆլիկտի ելք գտնելու հնարավորությունները քիչ են: «Հաշվի առնելով ստատուս-քովոյի ոչնչացումը, կողմերի զգացմունքներն ու դիրքորոշումները՝ չափազանց դժվար, կամ գրեթե անհնարին կլինի նրանց համոզել համաձայնության գալ որևէ տարբերակի շուրջ:

«Գուցե սա կստիպի Մոսկվային խորհրդակցել Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ, որոնք այս պահին լուսանցք են մղված և պարտվածների ճամբարում են»,- BBC-ին ասել է վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG