Մատչելիության հղումներ

«Եթե ԱԺ նիստ չկայանա, կհայտարարեմ, որ Հայաստան ներխուժում է խորհրդարանական ճգնաժամ», հայտարարում է Մարուքյանը


Եթե Ազգային ժողովի նիստ չկայանա, ես կհայտարարեմ, որ Հայաստան ներխուժում է նաև խորհրդարանական ճգնաժամ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ նիստ հրավիրելու համար կան բավարար թվով ստորագրություններ և նիստը կարող են հրավիրվել, եթե Ազգային ժողովի խորհրդի նիստը կայանա:

ԼՀԿ ղեկավարն ընդգծեց, որ «Իմ քայլից» խորհրդարանում է միայն Լենա Նազարյանը:

«Խորհրդի նիստը գումարվեց և յոթ մարդ էինք՝ տիկին Նազարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այն անդամները, որոնք խորհրդի անդամ են Ազգային ժողովի, ես «Լուսավոր Հայաստանից» և պարոն Խաչատրյանն էլի որպես խորհրդի անդամներ: Մեզ պետք է երեք անդամ, որ մենք կարողանանք խորհրդի նիստն իրականացնենք նշանակենք անմիջապես Ազգային ժողովի նիստ: Ստորագրվել է մի փաստաթուղթ, Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության 73 տոկոս ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք: 88 պատգամավորից մի մարդ է եկել՝ ԱԺ փոխխոսնակ տիկին Լենա Նազարյանը», - ընդգծեց նա:

Դիմելով իմքայլական պատգամավորներին Էդմոն Մարուքյանն ասաց. «Եկեք ժողովրդին մի բան ասեք: Այս իրավիճակը չեք կարող կապել անվտանգության հետ, որովհետև անվտանգությունն ապահովված է, որևէ խնդիր չկա»:

«Հիմա ձեր խոսալու ժամանակն է, այս խորհրդարանական երկրում ձեր ձայների հանրագումարով մեխանիկորեն վարչապետ է նշանակվել, հիմա տվյալ վարչապետի քաղաքական հենարանը դուք եք, եթե պաշտպանում ենք վարչապետի ստորագրությունը եկեք ասեք՝ ճիշտ է արել, նորմալ է, չեք պաշտպանում վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք՝ չենք պաշտպանում, չեք ուզում լինել պատգամավոր, եկեք ասեք՝ չենք ուզում, չեք կարող ոչինչ չասել», - նշեց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ ստանում է սպառնալիքներ և եթե ինչ որ մի բան պատահի իր հետ, դրա պատասխանատուն լինելու է այս իշխանությունը: «Զանգ է եղել նաև, որ ասեք, որ իրեն վերացնելու ենք: Դրա մասին իրազեկված է ոստիկանության պետը, այդ մարդուն հայտնաբերել են մեկ այլ քաղաքում», - ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ եթե պատգամավորները չներկայանան և չտան պատասխաններ, դա կնշանակի, որ նրանք կողմ են, որ երկրում լինեն բախումներ:

«Երկու ժամվա մեջ պետք է այս քվորումն ապահովել, սպասում ենք ձեզ խորհրդարանում, քվորումը 10:15 ավարտվում է, եթե նիստը չկայացավ, դա նշանակում է, որ դուք չեք ուզում, որ պրոցեսները մղվեն քաղաքական խողովակներ, խորհրդարան, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ: Մենք ինչ է, Արցախը կորցնելու հետ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ենք հրահրում», - ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ ԼՀԿ-ն նախաձեռնել էր ստորագրահավաք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG