Մատչելիության հղումներ

Վանեցյան․ Փաշինյանը պետք է հեռանա


Չնայած ոստիկանական գործողություններին, 17 կուսակցությունների հայտարարած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում․ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցութան ղեկավար Արթուր Վանեցյանը ճեղքեց ոստիկանների պատնեշը, բարձրացավ հարթակ։ Հարթակում են նաև մյուս կուսակցությունների առաջնորդները։

Նախքան հանրահավաքի մեկնարկը, Վանեցյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Փաշինյանը պետք է հեռանա։

«​Նիկոլ Փաշինյանը ծախված և երկիրը ծախած սրիկա է, նա պետք է հեռա և տեղը զիջի ազգային ուժերին», - ասաց «Հայրենիք» կուսակցութան ղեկավարը։

Հարցին, թե ովքե՞ր են ազգային ուժերը, Վանեցյանը պատասխանեց․ - «Բոլոր այն կուսակցություններն են ու այն մարդիկ են, ովքեր կան այսօր և պայքարում են Փաշինյանի դեմ»։

Դիտարկմանը, թե​ այդ մարդիկ տասնյակ տարիներ պատասխանատվության են ունեցել ԼՂ կարգավորման գործում, ԱԱԾ նախկին տնօրենն այսպես արձագանքեց․ - «​Ի վերջո Նիկոլ Փաշինյանին հանձնվել է ազատագրված Արցախ, Փաշինյանը մեկ ստորագրությամբ թքեց մեր բոլորի՝ 90 թվերից պայքարող տղաների, այսօր զոհված տղաների հիշատակին և հանձեց երկիրը թուրքին»։

Նշենք, որ հանրահավաքը նախատեսված էր ժամը 13-ին։ Նախքան մեկնարկը, ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքվածներին։ Բերման ենթարկվածների մեջ է նաև Հանրապետական կուսակցության անդամ, Վահրամ Բաղդասարյանն, ով ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։ Ոստիկանները հայտարարեցին որ, ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունն էր կոչ արել՝ չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։

17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը մտադրվել էին այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անել և ստեղծված իրավիճակից ելք առաջարկել։ Նրանք նշում են, որ հեղաշրջման փորձ չեն պատրաստվում անել, իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG