Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ իրենց հիասթափությունն են հայտնում Ղարաբաղյան պատերազմի ընթացքում պաշտոնական Վաշինգտոնի որդեգրած կրավորական դիրքորոշման առթիվ։ Այս մասին նշված է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հայամետ անդամներ Ֆրենք Փալոնի, Ադամ Շիֆի, Գուս Բիլիրակիսի և Ջեքի Սփայերի՝ անցած գիշեր տարածած հայտարարության մեջ։
«Մենք խորապես հիասթափված ենք, որ Միացյալ Նահանգները չկարողացավ որևէ արդյունավետ դերակատարություն ստանձնել, որ թույլ կտար խուսափել նման ողբերգական ելքից», - նշում են կոնգրեսականները՝ հավելելով. - «Հայերը խիզախորեն պաշտպանեցին իրենց հայրենիքը Ադրբեջանից և Թուրքիայի աջակցությունը վայելող օտարերկրյա վարձկաններից՝ ենթարկվելով անօդաչու թռչող սարքերի ավերիչ հարվածներին և ադրբեջանական զորքերի վայրագություններին»:
«Միացյալ Նահանգները չպետք է կրավորական կերպով շարունակի անտեսել այն սպառնալիքը, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածի, Մերձավոր Արևելքի և Կովկասի համար ներկայացնում է Թուրքիան», - ընդգծում են ամերիկացի օրենսդիրները։