Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, փաստաթուղթը ոչ թե տարածքներ հանձնելու, այլ պահելու մասին է


Փաստաթուղթը ստորագրվել է այն պահին, երբ Շուշին արդեն ընկած էր, Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, իսկ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ էին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ փաստաթուղթը ոչ թե տարածքներ հանձնելու, այլ պահելու մասին է։

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին, իրականում, շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է այն շրջանում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Ի՞նչ հեռանկար կբացվեր, եթե այդ փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր, իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել»։

Նա ընդգծեց՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ հակառակորդը կգրավեր Մարտունին, Ստեփանակերտը, Ասկերանը, որից հետո հայկական պաշտպանական շրջաններ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, արդյունքում տեղի կունենար ամբողջական կոլապս։

«Տվյալ պահին ունեինք իրավիճակ, երբ որ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, և Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ Ստեփանակերտը շատ թույլ է պաշտպանված, կամ սիմվոլիկ է պաշտպանված, և եթե տեղի ունենար մեր Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածն, ինչ այդ փաստաթղթով արձանագրված է։ Սրանում է ամբողջ ճշմարտությունը» - ասաց վարչապետը։

Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ Փաշինյանը նշեց․ - «Շատ է խոսվում Շուշիի շուրջ դավադրությունների մասին, ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին հետ վերադարձնելու փորձ է արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս ջոկատին հաջողվել է մտնել Շուշի, և լրատվության ամբողջ հակասությունները կապվում էին սրա հետ, «թե մարտերը շարունակվում են», ում հսկողության տակ է․․․ կապվում էր սրա հետ»։

XS
SM
MD
LG