Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահ․ «Խուսափելու համար նաև Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»


ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյան
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր ամբողջ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։

Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախօրոք քննարկումներ է ունեցել նաև Արցախի Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:

Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը:

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG