Մատչելիության հղումներ

Նախարարի խոսքով, առողջապահական համակարգն այս պահին հնարավորություն չունի ավելացնելու մահճակալների թիվը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։

Նախարարի խոսքով, այս պահին համակարգը հնարավորություն չունի ավելացնելու մահճակալների թիվը․ - «Սրանից ավելի մահճակալային տեղ ֆիզիկապես չենք կարող ունենալ։ Եվ դա միայն սովորական մահճակալը չի, կամ հիվանդանոցի պատերը չի։ Դա առաջին հերթին անձնակազմն ա բժշկական, էս պահի դրությամբ երկրորդ հերթին թթվածինն ա, որը էլի սահմանային վիճակում ա։ Եվ հետևաբար տնային մահերը քչացնելու միակ տարբերակը, ընդհանրապես մահերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվեր ունենալն ա»։

Առողջապահության պատասխանատուն տեղեկացրեց, որ բուժում ստացող 40 հազար 569 կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 897-ը ծանր, 180-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Նրանցից 73-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։

Թորոսյանի խոսքով, Հայաստանն այս սարքերի պակաս չունի․ ձեռք են բերել նորերն ու շարունակում են պատվիրել։ Այլ է թվվածնի խնդիրը․ - «Հիմա համաշխարհային դեֆիցիտ կա, և թթվածինը արտադրվում և սպառվում ա, և հնարավոր չի երկար տեղափոխել կամ ներկրել, և մեր երկրի թթվածնային հզորությունները աշխատում են այսպես ասած՝ սահմանի վրա։ Եվ մենք տիտանական ջանքեր են գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի, և նաև փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել»։

Հայաստանում անցած մեկ օրում թեստավորված 2 հազար 358 անձանցից COVID-19 է հայտնաբերվել 1042-ի մոտ։ Մյուս օրերի համեմատ քիչ դեպքեր են արձանագրվել՝ պայմանավորված հանգստյան օրերով. նախարարությունից հայտնում են, այդ օրերին լաբորատորիաների մի մասում պրոֆիլակտիկ աշխատանքեր են իրականացվում։

Անցած շաբաթ օրական միջինը 2000 դեպք է արձնագրվել։ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հաշվարկների համաձայն, վարկակիրների թիվն օրական արձանագրվող դեպքերից մի քանի անգամ ավելի է՝ 8000։

Գիտաշխատողը նկատում է, որ արձանագրվող դեպքերի թիվը դեռ կայուն է և կպահպանվի որոշ ժամանակ․ - «Քանի որ ցրտերը սկսվել են, և արդեն այդ աճը եղել է հոկտեմբերի սկզբից, ապա այս պատճառով գուցե շատ մեծ ակտիվություն չունենանք ձմռանը։ Նկատի ունեմ՝ ավելի մեծ ակտիվության, քան հիմա։ Բայց նվազեցում էլ ես չեմ ակնկալում։ Մինչև երևի հունվարի վերջը կշարունակվի վիճակը, երբ կորոնավիրուսը տարածվում է երկրում»։

Առողջապահության նախարարը այսօր հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 343 դեպք է արձանագրել։ Հարցին, թե հնարավոր է, որ դա ոչ լիարժեք բուժման հետևանք է, Թորոսյանը պատասխանեց, թե դրա հավանականությունը շատ փոքր է․ - «Երբ որ եղել ա դրական, հետո բուժվել ա, հետո մեկ ամիս պրամեժուտըկ ենք վերցրել, որ սխալի հետևանքով եղած չլինի, և նորից կրկնակի դրական ա էղել»։

Կորոնավիրուսից անցած մեկ օրում 21 մարդ է մահացել։

XS
SM
MD
LG