Մատչելիության հղումներ

Արցախի ՄԻՊ-ը հայ զինծառայողների դիերի և գերիների հանդեպ վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցն է պատրաստել


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:

Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

Ըստ հաղորդագրության, երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

«Չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ», - նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG