«Առողջական խնդիրների պատճառով» հրաժարական է տվել Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի անակնկալ հրաժարականը հաջորդում է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությանը, որը տեղի է ունեցել թուրքական տարադրամի աննախադեպ արժեզրկման ֆոնին:
42-ամյա Ալբայրաքը ֆինանսների նախարար էր նշանակվել 2018 թվականին, նրա պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի ֆինանսական ոլորտը կտրուկ անկումներ է արձանագրել՝ հանգեցնելով երկնիշ ինֆլյացիայի և գործազրկության բարձր մակարդակի: Նրա ֆինանսների նախարար նշանակվելու պահից մինչ օրս թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 45 տոկոսով: