Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան տեղափոխված Նարինե Հարությունյանը վստահ է՝ հենց պատերազմն ավարտվի, վերադառնալու են


Արցախում 3 պատերազմի միջով անցած 35-ամյա Նարինե Հարությունյանը 3 երեխաների հետ Ստեփանակերտից նախ Երևան, ապա Գյումրի է տեղափոխվել: Մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ ամուսնուն, ով նույնպես բուժաշխատող է, մենակ չէր թողնի, եթե երեխաներին տեղափոխելու կարիք չլիներ: Պատերազմում հարազատներից արդեն զոհեր ունեն:

«Սկեսրայրս զոհվել է, հոպարիս տղան, բարեկամները զոհվել են, թոռը, բոլորը փոքր տարիքում՝ 19, 30, սկեսրայրս մեծ չէր, բայց ինքն էլ զոհվեց: Հիմա ամուսինս, սաղ ընդեղ են էլի, պատերազմի մեջ են, բուժօգնություն է ցույց տալիս ամուսինս», - ասաց Հարությունյանը:

Նարինեն պատմում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ միջնեկ որդու տարիքին է եղել: Այն ժամանակ էլ են նկուղներում ապրել, բայց հիմա այլ պատերազմ է՝ ավելի դաժան, ասում է երիտասարդ մայրը: Ցանկությունը մեկն է, որ սա լինի վերջին պատերազմը:

«Մենք տեսել ենք 91-92 թվականների պատերազմը, շատ ցավոտ էր, ճիշտ է երեխա ենք եղել 7-8 տարեկան, բայց տեսել ենք այդ ծանր պահերը, հիմա նորից եկել ենք 16 թիվը էլի նույն ձև տեսել ենք, հիմա էլ նորից, ամեն անգամ ասում ենք՝ գոնե վերջինը լինի, բայց քանի գնում վերջ չի լինում, բայց գոնե էս վերջինը լինի, մենք արդեն երեք անգամ տեսել ենք, գոնե մեր երեխաները չտեսնեն էս պատերազմը», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Տունը կանգուն է, վստահ է՝ հենց պատերազմը ավարտվի վերադառնալու են: «Մեր կողքի հարևանների տունը ռմբակոծվել է, բայց մերը կա, ասում են՝ մնում է, չգիտենք, ճիշտն ասած, հուսով ենք, որ պիտի վերադառնանք: Փոքրը շատ է կարոտում հորը, օրը մի քանի անգամ զանգում է, լացում է, չի մնում, հենց մի փոքր ձայն է գալիս վախենում է», - պատմեց Նարինե Հարությունյանը:

2 տարեկան Նարեկը անընդմեջ հեռախոսում նկարներն էր նայում ու ցույց տալիս, թե ինչպես են նշել ծնունդը Ստեփանակերտում: Նկարներից մեկը, որ արվել է պատերազմի առաջին օրերին իրենց տան նկուղում ապաստանելիս, հայտնվել է համացանցում: Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ապաստարաններում փոքրիկների կողմից արված մի քանի լուսանկարներ է իր էջում հրապարակել, այդ թվում և Նարեկինը։

«Այդ պահը առավոտը շուտ, որ սկսվեց ռմբակոծությունը, քույրս իրեն գրկեց նկուղ իջեցրեց, ինքն էլ նենց էր վախեցել, նկուղում թաքնված էր, շշերի հետևը թաքնվել էր, քույրս էդ պահը նկարել էր: Մենք սպասում էինք, որ ապրիլյան պատերազմի նման մի երկու օր կտևի, չենք սպասել, որ երկար կտևի: Ինքն էր դրել ինտերնետում, երկու հոգի ասել են կտաք էդ նկարը տենանք, դրել են ինտերնետում», - ասաց նա:

Ավագ որդին՝ Հայկը, որոշել է բիզնեսմեն դառնալ ու Ստեփանակերտում խանութների ցանց հիմնել: Շատ նպատակներ ուներ, որոնք պատերազմը կիսատ թողեց:

«Պատերազմը շատ բան է փոխել, ուսումս է կանգնացրել, ամեն ինչ էլի, պլաններ շատ ունեի, որ պետք է անեի, բայց դե էլ չեղավ: Օրինակ՝ պապիկս պետք է էդ օրը գար, շատ աշխատանք ունեինք, որ իրար հետ պետք է անեիք, այդ օրը այնտեղ մնաց ու վերջ, դպրոցում շատ բաներ պետք է սովորեինք», - նշեց Հայկը:

Չնայած Արցախի մայրաքաղաքի մի մասը հիմա ավերված է՝ Հայկը վստահ է, որ ավելի լավ քաղաք է կառուցվելու: Ասում է, որ շատ է կարոտել ընկերներին ու հայրենի տունը:

Արցախցի ընտանիքն անընդհատ հեռախոսով լուրերին է հետևում, սպասելով՝ երբ է ավարտվելու պատերազմը, որ վերադառնան տուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG