Մատչելիության հղումներ

«Մատ տեռորին». Արոնյանի ու Պետրոսյանի կազմակերպած շախմատային սեանսի եկամուտը` հիմնադրամին


Շախմատի հաժամանակյա սեանս՝ արցախցի ու հայաստանցի 20 երեխաների մասնակցությամբ։ Նախաձեռնողները գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Ստեփանակերտում ծնված Մանուել Պետրոսյանն են, խորագիրը՝ «Մատ տեռորին»։

«Այսօրվա խաղի մեսիջը նա է, որ մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք ամեն ինչով: Այս կռիվը սկսվել է շատ շուտ և չի արժանացել պատժի, Թուրքիան չի արժանացել պատժի: Եթե առանց պատիժ ես մնում, դու կարծում ես, որ այդպես է ձևը», - ասում է Արոնյանը:

«Տեռորին մատ ենք անելու մեր միասնական ուժով, մեր համերաշխությամբ, տեռորին մատ են անում այնտեղ զենքը ձեռքին մեր տղաները: Մենք հավատում ենք նրանց ամեն կերպով», - հավելում է Մանուել Պետրոսյանը:

Երևանի կենտրոնում բացված շախմատի տախտակների առջև նստել էին պատանի շախմատիսները, իսկ գրոսմայստերները հերթով անցնում էին նրանց խաղատախտակներով ու մեկական շախմատային քայլ անում։ Արցախցի 19-ամյա Մանե Ադամյանն առաջին անգամն է ուժերը չափում գրոսմայստերներ Լևոն Արոնյանի ու Մանուել Պետրոսյանի հետ, խաղում է հանուն հաղթանակի։ Պատերազմի առաջին օրերից տեղափոխվել է Երևան, բայց ասաց՝ ժամանակավոր, հետո շարունակեց՝ հայրիկն առաջնագծում հաղթելու է, ու իրենք վերադառնան Ստեփանակերտ. - «Վերադառնալու ենք Ստեփանակերտ, որը պետք է վերակառուցենք ու դարձնենք ավելի լավը: Հանուն ինչի՞ եմ այսօր խաղում, կարող եմ ասել հանուն հաղթանակի, բայց Լևոնի հետ այդքան էլ հեշտ չի լինի»:

Արցախցի 12-ամյա Դավիթ Գրիգորյանը հայրենիքի թեմայով մեր բոլոր հարցերին ի պատասխան խաղի խորագիրը հիշեցրեց՝ «Մատ տեռորին»։ Շախմատով մանկուց է տարված, Արոնյանի հետ երբեք չի խաղացել, բայց երազում է նրան հաղթել. - «Հաղթելը շատ դժվար կլինի, բայց դե կպայքարեմ»:

Լևոն Արոնյանն այսօր վաճառքի էր հանել նաև մոր հեղինակած «Լևոն Արոնյան» գիրքը, եթե ողջ տպաքանակը սպառվի, մոտ 6 միլիոն դրամ կուղղվի համահայկական հիմնադրամին։ Արոնյանն ասաց նաև, որ արտերկրում բնակվող իր բազմաթիվ ընկերներ այս օրերին Հայաստանի հետ են, հասկանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են պատերազմ հայտարարել Արցախին։ Գրոսմայստերի խոսքով՝ պատերազմի այս օրերին ինքը հետևություններ է արել, շատերի հետ էլ կապերը խզել է. - «Մարդիկ կան, որոնց հետ ասենք ես երևի թե ապագայում չեմ շփվի, որովհետև իրենք թույլ են տվել իրենց ինչ-որ ոչ կոռեկտ բաներ, բայց մեծամասնությունը իմ ընկերների շախմատի շուրջ և շախմատից դուրս մեզ հետ են այսօր: Միշտ եղել է վերածնունդ մեր ազգի, միշտ եղել է մի նոր սկիզբ, և պետք է շարունակենք պայքարելը»:

Շախմատային միջոցառումից մի քանի քայլ այն կողմ էլ արցախցի կանայք են արդեն շուրջ 3 շաբաթ ավանդական ժենգյալով հացը թխում։ Հասույթի մի մասն ուղղվում է կանանց որպես աշխատավարձ, մյուս մասը՝ կրկին համահայկական հիմնադրամ։ 65-ամյա Լեսմոնիա Օհանջանյանն ամեն օր խմոր բացելիս աղոթում է, որ լույսը բարի բացվի նաև առաջնագծում հակառակորդի հետ կռիվ տվող իր թոռան, փեսայի, իր հետ ժենգյալով հաց թխող մյուս կանանց որդիների ու ամուսինների համար. - «Ամեն օր մտածում եմ, որ էսա, էս րոպեին հաղթանակի լուրը կբերեն, կբերեն, ու մենք էլ կուրախանանք, որ արդեն ճանապարհը բացվել է, մենք էլ պետք է հետ դառնանք մեր տները, մեր ավերված տները»:

Տիկին Լեսմոնիան Արցախում էլ է նույն գործով զբաղվում՝ ժենգյալով հաց է թխում, երևանաբնակ հավատարիմ հաճախորդներից Ֆլորա Արսենյանը երկար ձգվող հերթում համբերատար սպասում է, որ կրկին համտեսի նրա թխած ժենգյալով հացը. - «Ինձ բախտ է վիճակվել Արցախում հենց կնոջ պատրաստած ժենգյալով հացն ուտել: Շատ համեղ էր: Այսօր որ տեսա` ինքն է անձամբ պատրաստում, որոշեցի օգտակար լինեմ և՛ զինվորներին, և՛ ուտեմ, համտեսեմ այդ ժենգյալով հացը»:

Գրոսմայստերների «Մատ տեռորին» բարեգործական խաղը, գրքի վաճառքն ու արցախցի կանանց թխած ժենգյալով հացի հասույթը միակը չէ, որ ի աջակցություն Արցախի ու արցախցիների է արվում։ Երևանի ամեն անկյունում տարբեր միջոցառումներ ու ակցիաներ են, դրանց բոլորի հասույթն ուղղվում է Արցախի վերակառուցմանը։

XS
SM
MD
LG