Մատչելիության հղումներ

ՀՀ-ԼՂ օմբուդսմեններն ահազանգում են՝ Ադրբեջանը կիրառում է քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման բնույթի զինատեսակներ


Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն իրենց համատեղ զեկույցում ահազանգում են՝ Ադրբեջանը հակամարտության գոտում կիրառում է զանգվածային ոչնչացման բնույթի զինատեսակներ, որոնք պարունակում են քիմիական տարրեր՝ հնարավոր է սպիտակ ֆոսֆոր։

Հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: Իսկ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք տուժել են այս զինատեսակի կիրառումից։

Զեկույցում ներառվել են լուսանկարներ, որոնցում երևում է խաղաղ բնակիչների ստացած այրվածքները։ Թե քանի հոգի է տուժել, դեռևս ճշտվում է։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ, անգամ 100 մետր հեռավորության վրա:

«Օրինակ՝ Ակնաղբյուր, Թաղավարդ, Ննգի և այլն, որոնք չափազանց փոքր հեռավորության վրա են, ընդամենը մի քանի մետր հեռավորություն է գյուղից դեպի անտառ, դրանից բացի զեկույցի հիմնական հետևություններից է այն, որ դրանով վնասվել են նաև կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներ խաղաղ բնակիչների համար՝ գազատար և այլն։ Այդ զինատեսակի կիառությունն արգելված է քաղաքացիական օբյեկտների դեմ միջազգային իրավունքով և այն պատերազմական հանցագործության ակնհայտ հատկանիշներ է պարունակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Օմբուդսմենը նշեց՝ զեկույցում որոշ հետևություններ հիմնված են նաև Երևանի պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:

«Այդ էլեմենտները քիմիական արագ օքսիդացվում են օդի մեջ ու դրանք նաև հետագայում պահպանվում են ու կարող են հետագայում շարունակել ծանր վնաս հասցնել բնակիչներին։ Վտանգավոր ազդեցություն ունեն մարդու կյանքի, առողջության համար, դրա համար է նաև սրա կիրառությունն արգելված հատկապես քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ», - ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ավելի քան 1800 հեկտար անտառապատ տարածք․ - «Առնվազն 1815 հեկտար նշում ենք, որովհետև հնարավոր է ավելի մեծ տարածքներ ընդգրկի, դա դեռ հաշվարկման փուլում է, բայց այս պահին առնվազն 1815 հեկտարի մասին է խոսքը և բազմաթիվ բնակավայրերի»։

Զեկույցում նշվում է՝ շուրջ մեկ ամիս է, ինչ գյուղերը, քաղաքները, մայրաքաղաք Ստեփանակերտը կրակի տակ են։ Խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր, ավերվածություններ կան։ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, նրանցից մեկը մանկահասակ աղջիկ է, 7-ը կին և 38-ը՝ տղամարդ: Վիրավորվել է 144 հոգի, նրանցից 123-ը ստացել է լուրջ վնասվածքներ:

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է նաև կրթական, մշակութային օբյեկտները։ Օրինակ՝ Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից անմիջապես հետո՝ երկրորդը եղավ։

Զեկույցում հիշեցնում են նաև՝ թե ինչպես են Ադրբեջանական զինված ուժերն, օրինակ, հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով Մոր և մանկան առողջության կենտրոնը, բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց՝ այս պահին շարունակում են աշխատանքները։ Այս զեկույցն էլ ուղարկվելու է միջազգային գործընկերներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG