ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այդ մասին հաղորդագրությունը երեկ երեկոյան է հրապարակվել:
Միդոուզը հոկտեմբերի վերջին ասել է, թե «կառավարությունը չի հսկելու համավարակը, քանի որ կարևորը պատվաստանյութի և դեղամիջոցների ստեղծումն է»:
Նոյեմբերի 4-ին նա ուղեկցել է նախագահ Դոնալդ Թրամփին և մասնակցել մի հանդիպմանը՝ չկրելով դիմակ, ամերիկյան մամուլում կա այդ փաստն ապացուցող լուսանկար:
Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ է Միդոուզը վարակվել: Սպիտակ տունը հրաժարվում է մենաբանել այդ խնդիրը:
Երկու շաբաթ առաջ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավարն է վարակվել կորնավիրուսով:
Նախագահ Թրամփը, առաջին տիկին Մելանիան և նրանց որդին՝ Բարրոնը հոկտեմբերի սկզբին են վարակվել և կազդուրվել:
ԱՄՆ-ում խստորեն քննադատում են Թրամփի քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Դա եղել է նաև նոյեմբերի 3-ի ընտրություններին նախորդող հանրային քննարկումների և թեկնածուների բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 236 հազար մարդ, վարակվել է ավելի քան 10 միլիոն բնակիչ: Միայն նոյեմբերի 6-ին վարակվել է 127 հազար մարդ: