Մատչելիության հղումներ

ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում Երևանը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրվել են խախտումներ


Կանգառ Երևանում
Կանգառ Երևանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է, որ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։

Այսօր վաղ առավոտյան ստուգայցերն ընթացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևան-ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որը սպասարկում է երթուղային մի քանի գիծ։

Վերջին օրերի ստուգայցերն արձանագրել են մի շարք խախտումներ, այն է՝ ուղևորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով, չեն կատարում ախտահանումների վերաբերյալ նշումներ գրանցամատյաններում։ Ջերմաչափման մատյաններում ևս կան թերություններ։

Արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել է նախազգուշացում՝ անհապաղ վերացնելու արձանագրված խնդիրները։ Կնշանակվեն տուգանքներ։

Ստուգայցերը շարունակվում են։ Դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագիտական խմբերը։

Տեսչական մարմինը նշում է, որ Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։

Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային և եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձևաչափի գրանցամատյանում և այլն։

Միաժամանակ դիտարկվում է նաև հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում և երթուղային ուղեգրերում։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 210-ով՝ հասնելով 101 հազար 773-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG