Մատչելիության հղումներ

Ըստ ՀԿ ղեկավարի, ՀՀ քաղհասարակությունը չէր հանդուրժի, եթե իշխանությունները թաքցնեին զոհված զինծառայողների մասին տվյալները


«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյան

Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը չէր հանդուրժի իշխանությունների գործելակերպը, եթե փորձեին թաքցնել զոհված զինծառայողների մասին տվյալներ, այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում։

«Եթե ես փորձում եմ պատկերացնել, օրինակ, ոնց կվարվեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, եթե, օրինակ, մեր իշխանություններն ասեին, որ գաղտնիք ա մահացած զինծառայողների թիվը, կամ, օրինակ, հումանիտար տեսանկյունից, երբ որ Կարմիր խաչն առաջարկեր՝ գալ օգնել, հայտնաբերել, ճշտել ցուցակներն անհետ կորածների, կամ գերի ընկածների, եթե մեր իշխանությունները հրաժարվեին, շատ լուրջ խնդիր կունենային տեղական քաղաքացիական հասարակության հետ, այդ թվում՝ նաև մեր կազմակերպության հետ։ Մեզ էլ ա դա շատ զարմացնում, ինչ-որ տեղ զայրացնում, որ մեր գործընկերները չեն կարողանում այդ խնդիրը բարձրացնել իրենց իշխանության մոտ։ Դա իրոք անհանգստություն մեզ մոտ առաջացնում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Կազմակերպությունն ավելի քան 10 տարի մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման, հակամարտող երկրներում թշնամանքը մեղնելու նպատակով տարբեր նախաձեռնություններով համագործակցել է ադրբեջանցի իրավապաշտպանների հետ, բայց Էդգար Խաչատրյանը նշում է, որ վերջին մեկ-երկու տարիներին, հատկապես Ղարաբաղում ընթացող պատերազմի օրերին, ադրբեջանցի իրենց գործընկերները լուռ են, կամ խիստ ազգայնական դիրքորոշումներով են հանդես գալիս։

Խաչատրյանն ասում է՝ Ադրբեջանում բազմաթիվ իրավապաշտպան գործընկերներ են ունեցել, որոնք քաղաքացիական երկխոսությանը պատրաստ են եղել։ Սակայն իրենց հետ աշխատող կառույցները գնալով նոսրացել են։

«Սկսած նրանից, որ Ադրբեջանում, երկար տարիներ քաղաքացիական հասարակություն կոչվածը սպանվել է, վերջիվերջո ադրբեջանական իշխանությանը հաջողվեց ինչ-որ տեղ թուլացնել այդ քաղաքացիական հասարակությունը։ Այն հասարակական կազմակերպություններից, որոնք, օրինակ, չենթարկվեցին այդ բռնաճնշումներին, կամ չանցան պետական ռեժիմի կողմը, փորձեցին մնալ անկախ, ի վերջո որպես ինստիտուտ, նրանց վերացրեցին, նրանք մնացին անհատներ, փորձագետներ, որոնք այս կամ այն ձևով ներգրավվում էին տարբեր նախաձեռնություններում, ծրագրերում, նրանց մի մասն էլ սկսեց աջակցել Ալիևին, նրանց մյուս մասն էլ նախընտրում է լռել, որովհետև կա վախի մթնոլորտը», - ասաց Խաչատրյանը։

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը նշում է, որ Հայաստանում իրենք ուշադիր հետևում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տեղի ունեցող գործընթացներին նաև ադրբեջանցի գերիների հետ կապված։

«Մեզ համար շատ կարևոր է անաչառությունը։ Էս պահի դրությամբ, ի ուրախություն ինձ, մենք նյութեր չունենք, որոնք խոսում են նրա մասին, որ հայկական Զինված ուժերը բռնություններ, նման արարքներ անում են ադրբեջանական գերիների, կամ ադրբեջանական զինծառայողների հանդեպ», - եզրափակեց Էդգար Խաչատրյանը։

Հիշեցնենք, Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG