«Ազատություն»․ - Որքանով համադրելի կլինեն Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում և եթե նույնը անի Ղարաբաղում, ինչի կոչեր Երևանից հնչում են։
Հովհաննիսյան․ - Ամեն ինչ կախված է մեր գործողություններից ճակատում։ Իսկ թե կողքից ով ինչ օժանդակություն կուզենա ցույց տալ, սա իհարկե կարևոր է, բայց ճակատագրական չէ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ ակնարկ էդ հարցի վերաբերյալ արեց արդեն Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, երբ որ նշեց ահաբեկիչների ներկայությունը կոնկրետ թվով։ Դա նշանակում էր՝ մենք գիտենք և մենք որոշակի միջոցներ ձեռնարկելու մասին մտածում ենք։ Ոչ թե պատրաստ ենք, հենց հիմա անելու ենք, այլ մտածում ենք։ Բայց եթե դուք նայեք, Ռուսաստանի ամբողջ շրջակայքով հսկայական պրոբլեմներ են՝ Բելառուս, Ղրղըզստան, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, և այս պայմաններում երևի ամենակարևոր հարցերը այնուամենայնիվ կապված են երկու ուղղությունների հետ․ մեկը՝ Բելառուս, Ուկրաինա, և երկրորդը իհարկե Թուրքիայի ներթափանցումը Հյուսիսային Կովկաս։
«Ազատություն»․ - Մեզ միշտ ասվել է, որ այստեղ Անկարան Մոսկվայի գործոնը հաշվի է առնելու։ Բայց հիմա կարծես հակառակն ենք տեսնում։
Հովհաննիսյան․ - Էրդողանի քաղաքականությունն այնպիսին է, որ ինքը հաշվի է առնում արտաքին ուժերի մոտեցումները միայն այն դեպքում, երբ ինչ-որ բանից զգաստանում է։ Այդպես էր Սիրիայում, այդպես է որոշ չափով Լիբիայում, Կիպրոսի մոտ։ Այսինքն՝ հենց որ իր ընկալումներում այնպիսի զգացում է արթնանում, որ սա շատ վտանգավոր է, նա հետ է քաշվում։ Այդքան ճկունություն ունի։ Իսկ այստեղ ոնց որ թե իրեն բավականին վստահ է զգում, ինձ թվում է, շատ լավ ընտրել էր այս պահը պատերազմի սկսման։ Իհարկե, ոչ ոք պատրանք չունի, չէ՞, թե Ալիևն է սկսել։ Էրդողանն է սկսել այս պատերազմը։ Ե՛վ ամերիկյան ընտրությունները, բավականին խառը իրավիճակը, և Բրեքզիթի հետ կապված իրավիճակը Եվրոպայում, և՛ Ռուսաստանի սահմաններով ձևավորվող խնդիրները․ այս բոլորը մինչև բանակի իր ուժը ցույց տալը նպաստում էին, որպեսզի այդ կոալիցիոն բանակը՝ Ադրբեջան, Թուրքիա և ահաբեկիչներ, հասնի արագ հաղթանակի, քանի դեռ պահը ներում է։ Բայց շնորհիվ մեր բանակի, փաստորեն այդ հաշվարկները սխալ դուրս եկան։
«Ազատություն»․ - Այսօր նայելով ճակատային գծի քարտեզին, հնարավո՞ր է, եթե, ասենք, վաղը հանդիպում լինի Մոսկվայում, խաղաղության, այս հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու օրակարգով բանակցել՝ վերջին 40 օրվա իրողությունները հաշվի առնելով։
Հովհաննիսյան․ - Եթե մեզ թվում է, թե մեր համաձայնությունից, մեր վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունից այս հարցում ինչ-որ բան կախված է, մեզ շատ սխալ է թվում։ Շատ եմ լսել, որ եթե Նիկոլը ժամանակին ռուսների հետ լեզու գտներ, այս կռիվը չէր լինի։ Հիմարություն։ Նիկոլը Լիբիայում որևէ գործ չունի, բայց կռիվն այնտեղ գնում է։ Նույն Սիրիայում և այլն։ Մենք միակ լուրջ ազդեցությունը այս պրոցեսների վրա կարող ենք ունենալ միայն ճակատում՝ միայն ճակատում մեր հաջողություններով։ Ճակատի հաջողությունների համար անհրաժեշտ է կայուն և միացյալ թիկունք, որի հիմնական խնդիրը այսօր, վաղը, մինչև պատերազմի ավարտը կայանալու է բանակը սպասարկելու գործի մեջ։ Սա է մեր հաջողության գրավականը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․