Մատչելիության հղումներ

Չնայած պատերազմին՝ Գյումրիի թատրոնը ներկայացում է բեմադրում


Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

155-րդ թատերաշրջանի բացմանը պատրաստվող Գյումրիի դրամատիկական թատրոնը պատերազմի պատճառով հետաձգել էր բոլոր ներկայացումները, այդ թվում և՝ առաջնախաղերը:

Դերասաններից ոմանք առաջնագիծ են մեկնել, ոմանք էլ հարազատ-բարեկամ են կորցրել:

Այնուհանդերձ, Մշակույթի նախարարության հորդորով որոշել էին, որ Վարդան Պետրոսյանի հետ համատեղ «Վերելք» ներկայացումը բեմադրվելու է:

Դերասանն ասում է՝ պատերազմը փոխեց նաև ներկայացման սցենարը. - «Երգիծական պլանով, էդ տիպի ներկայացում շատ դժվար է այսօր խաղալ: Մեր ներկայացումը երգիծական չի արդեն: Մենք տեսնում ենք կոմիտասյան պատկերները, մենք տեսնում ենք Արևմտյան Հայաստանի գյուղերը, էդ սիրուն զգեստները, նկատեցի՞ք՝ ինչքան գորովանք ու սեր կա, մարդու մեջ դա արթնանում է, դա պետք է... Կոմիտասի հանճարն ինչպիսին է, ինչ ուժեղ է, նրա հոգու ուժը, և մեր ժողովրդի ուժը, և մեր էսօրվա դիմադրությունը, մեր փոքրիկ բազեները, արծիվները, որ էսօր դիմադրում են հերոսի պես»:

Վարդան Պետրոսյանն ասում է՝ փորձերը բավականին դժվար էին անցնում, քանի որ ամեն մեկը առաջնագծից ինչ-որ տեղեկության է սպասում: Խոստովանում է՝ պատերազմի պայմաններում ներկայացում բեմադրելը, առավել ևս՝ խաղալը, շատ դժվար է:

«Շատ դժվար էր փորձերը: Դերասանները, մեր թատերախումբը ունեն արդեն զոհվածներ, ու պատկերացրեք՝ էդքանից հետո իրենք փորձերին մասնակցել են և իրենք փորձում էին ամբողջ թափով: Թիկունք է, իրավունք չունեին խոնարհվելու, կոտրվելու, որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է, նա գիտի, նա զգում է, նկատել եք՝ ինչքան են ասում «պինդ մնացեք, մի պառակտվեք, մի վիճեք, մենք էստեղ պինդ ենք ու ձեզնով ենք պինդ», և մենք էլ նրանցով ենք պինդ», - շեշտեց դերասանը:

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հավելում է՝ նույնիսկ այս ծանր օրերին թատրոնի դռները փակ պահելու իրավունք չունեն:

«Դերասանը, որը ունի խնդիր, դերասանը, որը ունի ազգական, որից լուր չունի, տեղեկություն չունի, մարդիկ, ովքեր աշխատում են, բայց իրենք շարունակում են գործ անել, մտքով էնտեղ են, ընդմիջման պահերին դուրս են գալիս, հեռախոսի մեջ նայում են՝ ինչ կա, որին զանգեցին, որից ինչ եղավ, բայց մի կարևոր բան կա, որ չպիտի փակվի էդ թատրոնի դռները: Թատրոնի դուռ ասածը մեր հոգու դռներն են, մենք պիտի անընդհատ ամուր լինենք, ուժեղ», - շեշտեց տնօրենը:

«Վերելք»-ը նաև Երևանում է բեմադրվել, հասույթն էլ ուղղվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG