Մատչելիության հղումներ

Վճռաբեկն արդարացրել է Գասպարիին «Մարտի 1»-ի գործով


Ակտիվիստ Վարդգես Գասպարին «Ազատության» տաղավարում, արխիվ

Վճռաբեկ դատարանն արդարացրել է ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձություններից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Ակտիվիստն «Ազատությանը» փոխանցեց, որ Վճռաբեկ էին դիմել ինչպես ինքն ու իր փաստաբանը, այնպես էլ Գլխավոր դատախազությունը։

Թավշյա հեղափոխությունից հետո Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների հարցերով արդարացման պահանջով Վճռաբեկ դիմումներ է ներկայացրել, որոնցից ավելի քան երկու տասնյակը բավարարվել է։

Գասպարին ասաց, որ իրենց դիմումում նշել են տարիներ առաջ իր՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստարկը։

«Արդար դատաքննության հիմնարար դրույթների խախտումների առիթով», - նշեց ակտիվիստը՝ շարունակելով. - «Հետաքրքիր է՝ հիմա, ասենք, ուր են Արշակ Պետրոսյանը, որը դատական նիստի ժամանակ ես հայտնում էի, որ կալանավայրում կտտանքների եմ ենթարկվում, ինքը, ոչ ավել, ոչ պակաս, ասում էր՝ «Ձեր մեմուարները ինձ չի հետարքրքրում»: Ինձ հետաքրքրում է՝ հիմա էդ դատավորը ինչ-որ տեղ իր վերաբերմունքը փոխել է՞, թե՞ չէ: Եվ ամբողջ էդ համակարգը, որը կալանավայրի կտտանքների, 2008 թվի մասին է խոսքը, հետքերը վերացրեցին՝ ամեն կերպ, ոչ մի ջանք չխնայեցին»:

Գասպարին ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին։ Նա ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր, որ իրեն բանտում կտտանքների են ենթարկել։ Գասպարին հիշում է, որ դատավոր Արշակ Պետրոսյանն իր, իր փաստաբան Մուշեղ Շուշանյանի փաստարկները հաշվի չի առել, ինչպես նաև մերժել է դատարան հրավիրել իրեն արդարացնող վկաներին։

«Չափազանց արատավոր, աղտոտված մի համակարգ, հիմա էդ համակարգում էդ մարդիկ ինչ-որ տեղ զղջում ե՞ն, որ էդ ամեն ինչը արել են: Անկեղծ ասած՝ էնքան էլ այդպես չեմ մտածում», - ասաց ակտիվիստը:

Գասպարիի հարցով որոշումներ են կայացվել նաև Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու Ստրասբուրգի դատարանում։ Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի երկու վճիռ ունի, երկու դեպքում էլ գործն առնչվում է 2008-ի մարտյան հետընտրական իրադարձություններին՝ մեկը վերաբերում է ակտվիսիտի կալանքին, մյուսը՝ դատապարտմանը։

Ստրասբուրգի դատարանը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են Գասպարիի արդար դատաքննության իրավունքը, և պարտավորեցրել է կառավարությանը ակտիվիստին վճարել մոտ 6 հազար եվրո փոխհատուցում։

Մյուս վճռով էլ Եվրադատարանը, անդրադառնալով Գասպարիի կալանքին, հաստատված է համարել, որ խախտվել են նրա՝ խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին՝ բարոյական վնասի համար:

XS
SM
MD
LG