Մատչելիության հղումներ

Արսեն Ղազարյանի կարծիքով, 2020-ը ցույց տվեց, որ անհավանական կենսունակ տնտեսություն, պետություն ունենք 


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան

Կորոնավիրուսով ու պատերազմով ուղեկցվող ծանր 2020 թվականը ցույց տվեց, որ Հայաստանի պետական համակարգը, հասարակությունը և տնտեսությունը անհավանական կենսունակ են․ այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Երեկ խորհրդարանում ներկայացված 2021թ. պետական բյուջեի նախագծի համաձայն, այս տարի Հայաստանը կփակի 6 տոկոս տնտեսական անկմամբ, թեև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ անկումն ավելի մեծ կլինի՝ 6,8 տոկոս։ Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց շուրջ 7 տոկոս անկման մասին։

«Թվերի այս անկումը, որ թե՛ Համաշխարհային բանկն էր կանխատեսում, թե՛ մեր Կենտրոնական բանկը, երեկ, ինչպես նշեցիք, Կառավարությունն է հայտնում՝ 6, 6,5, 7 տոկոս, դա այսօրվա իրավիճակի համար տանելի թվեր են։ Ես միշտ հիշում եմ 2008-9 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ մեր ՀՆԱ-ն անկում ունեցավ մինչև 14 տոկոս, և որից հետո մենք կարողացանք տնտեսություն վերականգնել և որոշակի լուրջ աճ ապահովել։ Այս տարվա կորուստները, տարբեր նախապայմաններով նշված, տնտեսության հետագա վերականգնման համար բացարձակ կործանարար չեն։ Տեսեք, մեկ ամիս է մենք ռազմական գործողությունների մեջ ենք, բայց Հայաստանի ներկրումների և արտահանումների տոկոսը էական նվազում չի ապրել։ Բոլոր բեռնահամալիրներում ամեն օրվա մոնիտորինգով երբ դիտարկում ենք բեռների քանակը, մեկ, երկու տոկոս, երեք տոկոս նվազում կա։ Արտահանումը, ի շնորհիվ նաև հանքարդյունաբերության աննախադեպ քանակական աճի, կրկին էական կորուստներ չունի։ Ամենակարևորը, որ մենք այսօր տնտեսության մեջ տեսնում ենք, այն է, որ գործարարներին հաջողվում է աշխատատեղերը պահել։ Եվ տեսեք, վարչապետը մի քանի օր առաջ նշեց, որ ինքը հաճելի զարմացած է, որ 48 միլիարդով բյուջեի եկամուտների մասը ավել է լինելու այս տարի, որովհետև գործարարները դրսևորել են այդպիսի վարքագիծ։ Այսինքն՝ դա միայն այն չէ, որ մենք հասկանում ենք, հայրենասեր ենք, սոցիալական պարտավորություն ենք զգում, կամ ամեն մեկս մեր խրամատում ուզում ենք արդյունք ցույց տալ։ Դա իրական տնտեսության պատկերն է, որ հնարավորություն է տալիս ունենալ եկամուտներ։ Պարզ է, որ այս 48 միլիարդ եկամտային աճի մեջ մեծ է նաև ստվերային տնտեսության էական նվազումը։ Եվ ես մի քանի օր առաջ նշեցի, որ ես էլ եմ խոնարհվում իմ գործընկերների առաջ, որ կամաց-կամաց մանթաշովյան կերպարը դառնում է արդեն ուրույն կեցվածք, և յուրաքանչյուրս հասկանում ենք, որ հասարակության ուժը, մեր հաղթելու ուժը առաջին հերթին նաև տնտեսական հարաբերություններում մաքուր և առողջ տնտեսություն պահելն է», - ասաց Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով, ճգնաժամը միշտ հարկադրում է տնտեսությանը փոխվել, կատարելագործվել։ Այդպես եղավ 2009 թվականի անկման արդյուքնում, այդպես կլինի նաև 2020 թվականից հետո, և հայաստանյան տնտեսության հիմնական խնդիրներն են նոր շուկաներ մուտք գործելը, վերադասավորվելը։

Նույն՝ 2021 թվականի պետական բյուջեի նախագծով, գալիք տարի Հայաստանի տնտեսությունը կփակի աճով՝ 4,8 տոկոսով։

Այս առնչությամբ Արսեն Ղազարյանն ասաց․ - «Թիվը ինքը շատ համեստ է առաջին հայացքից։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք կրկին կունենանք երկնիշ տնտեսական աճ, այդ դեպքում ազգաբնակչությունն իր կենսամակարդակի վրա էական ազդեցություն կգա։ Բայց բոլորս պիտի հաշվի առնենք, որ մենք անիծված 2020 թվական ենք ունեցել աշխարհով մեկ։ Մարտ ամսից սկսվեց տնտեսական կոլապսների շղթան խոշոր շուկաներում։ Հիմա նորից երկրորդ էտապն է, որոշ խոշոր շուկաներում արմատական լոքդաունի են մտնում։ Այսինքն՝ ինքը տարին աննախադեպ պրոբլեմային է եղել, գումարած՝ այսօր մենք ունենք մեր գերխնդիրը, գոյամարտը։ Եթե մենք 5-6 տոկոսի այս աճը ունենանք, ուրեմն մենք անհավանական հասարակություն, պետություն և ազգ ենք։ Ես հավատում են դրան, որ կունենանք, որովհետև ես տեսնում եմ, որ չենք կոտրվում, լուծումները գտնում ենք։ Տեսեք, առաջին երկու շաբաթը պատերազմական թեժ գործողությունների տարբեր տագնապներ կային՝ վառելիքը չի հերիքի, տանկերը առանց վառելիք կմնան, հումքը չի հերիքի, սա չի հերիքի․․․ Ոչինչ էլ չեղավ, ամեն ինչ հոսուն ձևով, հստակ ձևով ներկրվեց և ներկրվում է, արտահանվեց և արտահանվում է։ Այն, որ անկում ունենք արտահանման մեջ, դա կապված է, մասնավորապես, ռուսական շուկայի գնողունակության անկման հետ, դրսի շուկաների սահմանափակ հնարավորության հետ։ Մեր տնտեսությունից չի, մեր պրոբլեմը չի․ մենք արտադրում ենք, մենք կարող ենք դա հասցնել։ Փոխշաղկապված շուկաների ազդեցությունն է։ Աշխարհի տնտեսությունն այսօր հիվանդ է, աշխարհը դեռ չի կարողացել դուրս գալ համաշխարհային համավարակի այս աղետից։ Մենք փաստորեն, որպես կոմպակտ շուկա, որպես շուկա, որտեղ ամեն ինչ ավելի կառավարելի է, շուկա, որ երկուս ու կես տարի է ակնհայտ ժողովրդավարական իր սկզբունքներով, կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի հաջողություններով, արդարության բարձր աստիճանով ծնեց հսկայական խավ փոքր և միջին բիզնեսի, որոնք կենսունակ աշխատում են, և հավասար մրցակցության ոլորտը էապես փոխում է տնտեսական հարաբերությունների մակարդակը, մենք ավելի կենսունակ գտնվեցինք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG