Մատչելիության հղումներ

Գրքի տոնավաճառի հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ


Armenia - the 6th Yerevan book fair
Armenia - the 6th Yerevan book fair

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը անցյալ շաբավերջին Կասկադի պուրակում կազմակերպել էին գրքի տոնավաճառ, որին մասնակցում էին ավելի քան 33 հրատարակչություն: Գրքերի վաճառքից ստացված գումարը փոխանցվել ու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

Պետք է նշել, որ կեսօրից սկսած մինչև ուշ երեկո մարդաշատ էր Գաֆէսճեյան արվեստի կենտրոնի պուրակը, որտեղ էլ զրուցեցինք հրատարակիչների ու գրողների, նաև գնորդների հետ, ովքեր ամենաբազմազան գրքերն էին ձեռք բերում՝ իրենց լուման ներդնելու Զինծառայողների աջակցության հիմնադրամին:

Գնորդների մեջ էր և մշակույթի գծով փոխնախարար Նարինե Խաչատուրյանը․ - «Սա շատ խորհրդանշական ակցիա է։ Գուցե կաթիլ լինի օվկիանոսում այդ գումարը, բայց ես վստահ եմ, որ ով որ այսօր հազար դրամի, տասը հազար դրամի, քսան հազար դրամի գիրք կգնի, ամեն անգամ այդ գիրքը ընթերցանության համար բացելիս կհիշի, թե երբ է առել, և ինչ նպատակով։ Եվ սա մասունքի պես մի բան կլինի իրենց տանը»։

«Երբ որ մեզ տեղեկացրեցին հենց գրքի վաճառքի մասին, միանգամից ոգևորվեցինք, ուրախացանք, որ թեկուզ մեկ լումայով մենք կարող ենք մեր պետությանը, մեր զինվորին աջակցենք և օգնենք։ Ու հենց ի սկզբանե էլ որոշեցինք, որ հասույթի հարյուր տոկոսը մենք փոխանցելու ենք հիմնադրամին», - ասաց «Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը։

«Գրանիշ» ամսագրի գլխավոր խմբագիր և տնօրեն Հասմիկ Հակոբյանն ասաց․ - «Քանի որ ամեն կերպ էսօր բոլորս ցանկանում ենք օգնել մեր զինվորներին, մեր բանակին, մեր սուղ միջոցներով մենք էլ ենք միացել այս ակցիային։ Թող ժամանակակից գրողներն էլ իրենց ներդրումն ունենան։ Վաճառված գրքերի հիսուն տոկոսը փոխանցելու ենք հիմնադամին»։

Գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանն ընդգծեց․ - «Աստված տա, որ լավ վաճառք լինի, էդ ամբողջ գումարը ուղարկենք մեր բանակայիններին, բանակի ֆոնդին ուղարկենք։ Ուղղակի սա ապացույցն է այն բանի, որ մենք ուժեղ ենք, նույնիսկ էս իրադրության մեջ մշակույթը մեր ուշադրության կենտրոնում է, և էդ գիրը պոկել, արմատահան անել հնարավոր չի։ Դա մեր ուժն է, մեր ոգին է, և այդ ոգին հենց գրի միջոցով փոխանցվել է մեր զինվորականներին, մարտիկներին, ժողովրդին, ովքեր անընդհատ գոյապայքարի ու մաքառման մեջ են։ Ես վստահ եմ՝ մեր գիրը հաղթանակել է, որովհետև ստեղծվել են մեծագույն գործեր, և այդ գիրը կրողներն են այսօր պատերազմ մղում հանուն մեր սուրբ հայրենիքի»։

Հրատարակիչներ Արմեն Ավանեսյանն ու Վան Արյանն էլ առաջարկում էին այս ակցիան կազմակերպել ամեն շաբաթվա վերջին՝ այդպիսով է՛լ ավելի մեծ հնարավորություն ստեղծելու հրատարակիչների և մեր հանրության կողմից հիմնադրամին գրականությամբ աջակցելու համար:

«Բավական հետաքրքիր նախաձեռնություն է, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՍՄ նախարարությանը, և «Արմավ» հրատարակչությունը որոշել է որ հարյուր տոկոսը պետք է փոխանցի Հայկական բանակին։ Պատերազմական իրավիճակում միշտ էլ գիրքը և գրականությունը կարևոր տեղ են զբաղեցրել։ Ազգի լինել-չլինելու և սեփական հողի վրա ապրելու խնդրին է առաջնայինը։ Վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու», - ասաց Արմեն Ավանեսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG