Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին առավել սերտ համագործակցել Մինսկի խմբի հետ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գյուտերեշը, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գյուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին առավել սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու համար։

«Գլխավոր քարտուղարը հորդորում է կողմերին բարեխղճորեն և առանց հապաղելու կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվել են Մինսկի խմբի աջակցությամբ, ինչպես նաև իրագործել ստանձնած բոլոր պարտավորությունները,- հայտարարել է Գյուտերեշի խոսնակը, հավելելով,- Գլխավոր քարտուղարը նաև հետևողականորեն կոչ է անում կողմերին շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը՝ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Անտոնիո Գյուտերեշը խստորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժում։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է բոլոր նման հարձակումները և վերստին ընդգծում, որ երկու կողմն էլ պարտավոր է միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել՝ խաղաղ բնակչության կյանքը փրկելու, քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական գործողություններից պաշտպանելու համար»,- ասել է Գյուտերեշի խոսնակը։

XS
SM
MD
LG