Մատչելիության հղումներ

Հարավային և հարավարևելյան ուղղությամբ հայկական կողմն ունեցել է դիրքային որոշակի բարելավում, հայտնում է ՊՆ ներկայացուցիչը


Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում, հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա և միաժամանակ օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։

Անդրադառնալով Ժնևում հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ինչու չէ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը»:

Հովհաննիսյանը նշեց, որ ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները ուսումնասիրվում են. «Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք: Ես կուզենայի նորից փաստել, նախ, որ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրթիռային և հրետանային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG