Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ը «Նվիրում Արցախին» նախագծով միանում է համահայկական դրամահավաքին


Դեռ ամռանը կայանալիք «Ոսկե Ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնը համավարակի պատճառով հետաձգվեց մինչև նոյեմբեր, իսկ հիմա էլ ահա պատերազմական այս իրավիճակում «Ոսկե Ծիրան»-ը «Նվիրում Արցախին» նախագծով միանում է համահայկական դրամահավաքին՝ նոյեմբերի 1-ից Կինոյի տանը կազմակերպելով հայկական հենց այս տարի արդեն իսկ տարբեր հեղինակավոր փառատոների մասնակցած ֆիլմերի ցուցադրություններ, որոնց տոմսերի ողջ հասույթը կուղղվի «Մենք ենք մեր սարերը. Բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում «Ոսկե Ծիրանի»-ի ծրագրերի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշեց, որ պատերազմական այս օրերին, բնականաբար, փոխվում է «Ոսկե Ծիրան»-ի բնույթը:

«Փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 1-ին, բայց կարևոր է, որ հասկանան, որ այս ձևաչափով, այսինքն խոսքը չի գնում հանդսանքի [մասին], կամ փառատոնային տոն, բնականաբար, բաղադրիչը շատ պայմանական է հիմա: Ուղղակի սա ընդունենք որպես նախագիծ, հատուկ ակցիա, որը կինոփառատոնը իր 17-րդ թողարկմանն իրականացնում է», - ասաց Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 1-ից Կինոյի տանը մեկնարկող նախագծին, ապա այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, հրավիրատոմսեր չեն լինելու և ֆիլմերի ցուցադրություններին կարելի է մասնակցել միայն գնված տոմսերով՝ այսպիսով սեփական լուման ներդնելով Արցախի համար տեղի ունեցող համազգային դրամահավաքին:

«Մենք ունենք նոր վեց ֆիլմ նախորդ և այս տարվա արտադրության, որոնք այս ընթացքում մասնակցել են տարբեր միջազգային կինոփառատոնների և ներկայացրել են այդ թվում և արցախյան կոնտեքստը և դրանք հանդիսանում են մեր մշակութային զենքերը, թիկունքի մշակությանի զենքերը արվետսագետների կողմից ստեղծված», - տեղեկացրեց «Ոսկե Ծիրանի»-ի ծրագրերի տնօրենը:

Այս և Արցախին ու արցախյան գոյամարտին նվիրված մի շարք այլ շատ ուշագրավ ֆիլմեր կարելի է դիտել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Կինոյի տանը, իսկ ընդհանուր առմամբ «Ոսկե Ծիրան»-ի «Նվիրում Արցախին» նախագիծը, տարբեր ծրագրերի իրականացմամբ, կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG