Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի բնակավայրերը, կան վիրավորներ և զոհ


Շուշի, Արցախ

Շատ չանցած ժնևյան պայմանավորվածությունից Արցախի մայրաքաղաքում լուսադեմին պայթյունի մի քանի հզոր ձայներ լսվեցին: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան: Այստեղ բազմաթիվ են վնասները:

Ադրբեջանն առավոտյան հրթիռակոծել էր նաև Ստեփանակերտի թաղամասերից մեկը. ավերվել է մեկ, մասնակի փլուզվել է մի քանի տուն: Ադրբեջանական կողմի թիրախում այսօր կրկին Շուշին է եղել: Արցախի պաշտպանության բանակը հայտնում է` բնակչության շրջանում վիրավորներ կան:

Ադրբեջանական կողմի հարվածներից մի քանի ժամ առաջ Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարները պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև խաղաղ բնակչությանը չթիրախավորելու շուրջ: Ավելի ուշ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հաղորդեցին, որ կեսօրին էլ ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Մարտունի և Մարտակերտ քաղաքները: Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա տղամարդ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի համար անսպասելի չէր, որ Ադրբեջանը հերթական պայմանավորվածությունը կխախտի. - «Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և հերթական անգամ, այսպես ասեմ, և ես այլ բան չէի էլ ակնկալում արդեն: Թիրախավորել են և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, և՛ մի շարք այլ բնակավայրեր` քաղաքացիական հատվածները` և՛ հանրային նշանակության, և՛ բնակելի նշանակության, որի հետևանքով նախնական տվյալներով` կան վիրավորներ, բայց այս պահին տվյալները դեռևս ճշտում ենք, բայց միանշանակորեն ակնհայտ են մեծածավալ ավերածությունները տարբեր հատվածներում»:

Պատերազմի մեկնարկից ի վեր ադրբեջանական կողմի հրիթռահրետակոծությունների, ռմբակոծությունների հետևանքով Արցախի բնակավայրերում 45 քաղաքացիական է զոհվել, 141-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Արցախի օմբուդսմենն ասում է, որ տվյալները դեռ ճշգրտվում են. - «Տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք. հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր»:

Ադրբեջանական կողմի հարվածների պատճառով նաև ահռելի թվով` 12 հազար տներ, բնակարաններ, խանութներ, ավելի քան 2200 ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել, 1700-ից ավելի մեքենա է վնասվել:

XS
SM
MD
LG