Մատչելիության հղումներ

Արկադի Տեր-Թադևոսյանն ասում է՝ Շուշին չեն կարողանա գրավել, դա բացառված է


1992 թվականին Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն ասում է՝ Շուշին գրավելն այդքան էլ հեշտ չէ, որ հակառակորդը կարողանա հասնել իր նպատակին։

«Շուշին բերդ է։ Եթե նրանք սկսեն հարձակվել, նրանք քաղաքը վերցնել չեն կարողանա։ Դա քաղաք-ամրոց է։ Միակ բանը, որ նրանք կարողանում են և հիմա էլ անում են, խաղաղ բնակչությանը հրետակոծելն է։ Բայց խոսել Շուշին վերցնելու մասին բացառվում է», - նշում է նա։

Բայց թերագնահատել հակառակորդին ևս պետք չէ, ասում է գեներալ-մայորը, անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը և ճիշտ որոշումներ կայացնել։ Մանրամասնում է` ոչ թե ադրբեջանական մեծ ուժեր են մոտեցել Շուշիի մատույցներին, այլ թուրք-ադրբեջանական հատուկ ջոկատայինների առանձին դիվերսիոն խմբեր, որոնց դեմ ոչ թե պետք է մեծաքանակ, այլ ճիշտ պատրաստված ուժեր կենտրոնացնել. - «Մեծաքանակ ուժեր կենտրոնացնելու կարիք չկա։ Փոքրաթիվ մարդկանցով էլ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Նրանք իրենց համար անծանոթ տարածքում են, տեղաշարժվում են շատ զգուշորեն փորձում են հետախուզություն իրականացնել։ Դրա համար մեր առաջադրանքը նրանց համար ծուղակներ թողնելն է։

Պետք է թաքնվել և նրանց անսպասելի պահի դիմավորել։ Շրջափակման մեջ վերցնել։ Այս ամենը ռազմական կանոններ են, որոնց հայկական կողմը շատ լավ տիրապետում է, և անհանգստանալու կարիք չկա։ Եվ կարծում եմ` կարիք չկա նաև անհանգստացնող իրավիճակ ստեղծել, թե այ թշնամին Շուշիի մատույցներում է։ Կարևոր է հասկանալ, որ թշնամին Շուշիի չի հասել։ Հասել են փոքր դիվերսիոն խմբեր, որոնց պետք է այդտեղից դուրս շպրտել, ինչը և արվում է։ Չպետք է մոռանալ, որ դրանք լավ պատրաստված խմբեր են՝ թուրք հրամանատարներով ու ժամանակակից զինատեսակներով։ Դրա համար ամեն ինչ պետք է անել, որ այդ խմբերը մինչև առաջանալը ոչնչացվեն։ Այստեղ շատ մեծ դեր ունեն մեր ազատամարտիկները, ովքեր տեղանքը շատ լավ են ճանաչում և կարող են օգնել մեր զինվորներին»։

«Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա»,- երեկ երեկոյան նման հայտարարություն էր արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով միավորվելու, ժամ առաջ Արցախ հասնելու ու կռվելու կոչ էր արել հանրությանը. - «Թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են` ով տիրում է Շուիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք և ոչ միայն լոկ խոսքերով, այլև անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»:

Շուշին հայկական ուժերն ազատագրել են 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Դա ղարաբաղյան պատերազմի համար շրջադարձային նշանակաություն ունեցավ, քանի որ Ադրբեջանը հենց Շուշիից էր թիրախի տակ պահում մայրաքաղաք Ստեփանակերտը։ «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան, որ ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, սկսվեց միանգամից 4 ուղղություններով։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին Արկադի Տեր-Թադևոսյանին զեկուցել են, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ձեռքերում է։

Շուշիի ազատագրումը ռազմագիտության դասագրքային օրինակ է համարվում իր անմատչելի դիրքի, ուժերի անհամարժեքության, սահմանափակ ժամանակի և մի շարք այլ գործոնների պատճառով։ Քաղաքը նաև կարևոր կոմունիկացիոն նշանակություն ունի։

XS
SM
MD
LG