Оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատում են հենց բեմի վրա։
Երգչախմբի դերասանուհի, թավջութակահար, օպերային երգիչ, հսկիչ.... թատրոնի ողջ անձնակազմը հերթափոխով ամեն օր գալիս և առաջնագիծ ուղարկելու համար քողարկող ցանցեր է հյուսում։
«Աշխատում ենք մենք էլ թիկունքից պահենք մեր հայրենիքը», - ասաց երգչախմբի դերասանուհիներից մեկը։
Նրա գործընկերը հավելեց․ - «Քանի որ սա մեր հարազատ թատրոնն է, միանգամից արձագանքեցինք։ Ինչքան պետք է, գանք, կմնանք։ Աստված տա, ամեն ինչ լավ լինի, տղաները ողջ-առողջ հետ գան»։
Թատրոնի անձնակազմին միացել են նաև կամավորներ։ «Որոշեցի կամավոր մասնակցել այս նախաձեռնությանը։ Ու պարբերաբար պետք է մասնակցեմ անպայման»։
Оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի խոսքով, թատրոնում կան բավարար պայմաններ՝ այս աշխատանքը կատարելու համար. – «Թատրոնում քանի որ շարքերով վարագույներ են լինում, չէ՞։ Մենք տեխնիկապես այդ հնարավորությունը ունենք այստեղ․ վերևից իջեցնել, ցանցերը ձգել վրան և բարձրացնել, որ մարդիկ սկսեն աշխատել։ Աշխատանքին մասնակցում են մեր թատրոնի բոլոր բաժանմունքները՝ երաժիշտներ, տեխնիկական մաս, բալետ․․․ բոլորը։ Հերթափոխներով է․ մարդիկ գալիս են 3-4 ժամ։ Երեկ մինչև գիշերվա 3-ը աշխատել են։
Թիկունքում ակտիվ աշխատում են նաև Արամ Խաչատրյան համերգասրահի աշխատակիցները։ Այստեղ էլ գրեթե մեկ շաբաթ է անձնակազմը նույն գործն է կատարում։
«Գոնե էսպես կարողանանք օգնել, ինչքան հնարավոր է։ Միանանք, որպեսզի հաղթանակ լինի», - «Ազատությանն» ասաց այստեղ աշխատող կանանցից մեկը։