Մատչելիության հղումներ

Ադրբեջանը զենք է գնելու՝ հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմի փորձը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր երկիրը զենք և զինամթերք է գնելու՝ հաշվի առնելով ղարաբաղյան այս պատերազմի արդյունքները և ձեռք բերված փորձը:

«Ես վերջերս խորհրդակցություն եմ անցկացրել զինվորականների հետ և ասել եմ, որ հաջողությունների հետ մեկտեղ մենք պարտավոր ենք վերլուծել բացթողումները: Եվ արդեն ապագայում՝ զենք գնելիս, պետք է հաշվի առնենք այս պատերազմի փորձը, տեսնենք, ինչ է մեզ պետք, ինչ է մնացել պահեստներում», - ասել է Ալիևը «Ինտերֆաքս» գործակալությանը:

Խոսելով Ադրբեջանի զինանոցի մասին, նա ասել է, որ այն կազմված չէ միայն դրոններից (անօդաչու թռչող սարքերից):

«Մենք ունենք հակաօդային պաշտպանության ռուսաստանյան, բելառուսական և իսրայելյան արտադրության արդիական համակարգեր, դրանք ոչնչացնում են հայկական կողմից արձակված հրթիռների մեծ մասը, դժբախտաբար, ամբողջը վայր գցել չենք կարող»,- ասել է Ալիևը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի բանակն ունի Տ-72 տեսակի գերարդիական հրասայլեր, հեռահար հրետանի և հրթիռներ՝ «Պոլոնեզ», «ԼՕՌԱ», «Էքստրա», «Կասիրգա» և այլ տեսակների:

«Այսօրվա պատերազմը բնույթով, իհարկե, շատ է տարբերվում 1990-ական թվականների պատերազմից, անօդաչու ավիացիան այսօր շատ կարևոր գործոն է, մեզ շատ են օգնել իսրայելյան և թուրքական ԱԹՍ-ները»,- ասել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG