Մատչելիության հղումներ

Փոմփեոն Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է հավատարիմ մնալ հրադադարի ​​​​​ պարտավորություններին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ «Մայք Փոմփեոն վերստին ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, - հաղորդում է Պետդեպարտամենտը, հավելելով, - Պետքարտուղարը հորդորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարի շուրջ ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։

Պետքարտուղարն ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված, հոկտեմբերի 17-ին Փարիզի միջնորդությամբ վերահաստատված հրադադարի համաձայնությունը լիարժեք իրագործելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1-ին տարածած համատեղ հայտարարության համաձայն։

Հայաստանի վարչապետի գրասենյակից էլ տեղեկացնում են, որ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն «Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Ավելի վաղ` անցած շաբաթ, Մայք Փոմփեոն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչից հետո կողմերը վերստին հայտարարել էին, թե պատրաստ են մարդասիրական հրադադար հաստատել` զոհվածների աճյունները դուրս բերելու և ռազմագերիներին փոխանակելու համար։ Դա կրակի դադարեցման արդեն երրորդ փորձն էր, որը ևս, փաստացի, մնաց թղթի վրա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսքուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Վաշինգտոնից արձագանք է ակնկալում «Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ»։ «Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին, ապա ի՞նչ հետևանքներ է ունենալու դա խախտած կողմի համար»,- ասել էր Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG