Մատչելիության հղումներ

Քաղաքացիները կարծում են` ղարաբաղյան խնդրի իրատեսական լուծումն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է


Այսօր Երևանի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիների մի մասի կարծիքով՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը կպահպանվի, մյուս մասի պնդմամբ էլ՝ ռազմական գործողությունները կշարունակվեն։

«Երևի կպահպանվի, արդեն Թրամփը մեջ է ընկել, կպահպանվի», - ասում է մեկը: Մյուսի կարծիքն է` չի պահպանվի. - «Մեր կողմը կպահի, վստահ եմ, բայց Ադրբեջանը կասկածելի է»:

Քաղաքացիները հիշեցնում են Թուրքիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ներկայիս սրացումները:

Երեկ ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդն է. Ռուսաստանի, ապա նաև Ֆրանսիայի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարները չէին պահպանվել, հակամարտող կողմերը միմյանց էին մեղադրում պայմանավորվածությունները խախտելու համար։

«Հլը չորրորդն ու հինգերորն ալ կլինի, բայց վերջում հաղթելու ենք, Թուրքիային բիդի գրթենք», - ասում է անցորդներից մեկը:

Շատ քաղաքացիներ էլ կարծում են, որ ղարաբաղյան խնդրի լուծման ամենաիրատեսական տարբերակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. - «Աշխարհի բոլոր պետությունը պիտի ճանաչեն Արցախի անկախությունը»: «Պիտի պարտադիր ճանաչում լինի, հիմա որ չճանաչեն, ե՞րբ պիտի ճանաչեն»:

Որոշները մտավախություն ունեն, որ պատերազմը կարող է նորից կրկնվել. - «Առայժմ դադարելու է հրադադարով, իմ կարծիքով, բայց հետո վախենում եմ` նորից կրկնվի, որովհետև ոչ մի հանգուցալուծում չեմ սպասում»:

Երևանում շարունակվում են նաև բողոքի ակցիաները տարբեր միջազգային կառույցների գրասենյակների դիմաց. այսօր էլ խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով Երևան տեղափոխված արցախցիները հավաքվել էին Հայաստանում Եվրամիության գրասենյակի դիմաց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ «Արդեն իսկ խախտվել է հրադադարը, ինչպես տեղյակ եք: Թուրքիան ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող նրան կանգնեցնել»:

«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, պետք է նրա տարածքային ամբողջականությունը ճշտվի, սահմաններն անվերապահորեն ճշտվեն, որովհետև այլևս սկսած 1915 թվականից հայն իր սահմաններն իր այրամբ է գծել: Հերիք է, դա պետք է բերել իրավական, քաղաքակիրթ դաշտ: Այսօր քաղաքակիրթ դաշտում մենք անքաղաքակիրթ էթիկա ենք տեսնում մասնավորապես Ադրբեջանի, Թուրքիայի կողմից», - ասում են ակցիայի մասնակիցները:

XS
SM
MD
LG