Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նպատակ չունի խաղաղ երկխոսությունը վերսկսելու, շեշտում է Արայիկ Հարությունյանը


Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հայտարարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ», - գրել է Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ նրա` այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ:

«Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին է հայտարարում, որ հայկական կողմն է խախտել արդեն երրորդ հրադադարի ռեժիմը:

XS
SM
MD
LG