Մատչելիության հղումներ

Մնացականյանը շեշտում է` «բանակցում ենք՝ գտնելու Արցախում հայերի ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը»


Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը, CNN-ի եթերում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ», - շեշտել է Մնացականյանը։

Հարցադրմանը, թե խնդիրն այն է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում էր անցյալ տարի օգոստոսին, «օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը, արդյոք դա է ձեր քաղաքականությունը», ԱԳ նախարարը պատասխանել է. - «Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք, և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում»:

Դիտարկմանը, թե այսինքն` Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ՞, նախարարն արձագանքել է. - «Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի»:

XS
SM
MD
LG