Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 23-ին Արցախի մի շարք բնակավայրերի վրա ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցնելու վերաբերյալ:
Արցախի ԱԳՆ-ն ընդգծում է, որ կրակը դադարեցնելու բանավոր «սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:
Համաձայն հաղորդագրության հրթիռակոծությունների հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ:
«Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո», - նշված է հաղորդագրությունում:
ԼՂ ԱԳՆ-ն նաև նշել է, որ «Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը»:
«Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:
Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում», - նաև նշված է հայտարարությունում: