Մատչելիության հղումներ

Մարտակերտը հրետակոծվել, այնուհետև ռմբակոծվել է


Մարտակերտը հոկտեմբերի 15-ին
Մարտակերտը հոկտեմբերի 15-ին

Կեսգիշերից հետո ադրբեջանական կողմի թիրախում կրկին Մարտակերտ քաղաքն է եղել: Հրետակոծման հետևանքով այստեղ շենքերից մեկի մի մասն է փլուզվել ու մի քանի բնակարան է հրդեհվել։

Վնասները, ըստ պաշտոնական տեղեկության, միայն նյութական են, քաղաքացիներ չեն տուժել:

«Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Նյութական վնասները շատ են: Բարեբախտաբար, տուժածներ, մարդկային կորուստներ չկան, և զոհեր ու վիրավորներ չկան», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Մարտակերտում հրթիռահրետակոծության հետևանքներն ամենուր են։ Քաղաքացիներից մեկի նորակառույց խանութի շենքը գրեթե ամբողջությամբ վնասվել է։

«Չենք հասցրել բացենք», - ասում է խանութի տերը։ - «Ոչինչ, վախտը կգա, կբացնեք»։

Հարցին, թե որքան վնաս է հասցվել, արձագանքեց․ - «Հիմա հաշվելու ժամանակ չի»։

Օրվա ընթացքում Մարտակերտը դարձյալ ռմբակոծվել է։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հաղորդում են, որ քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։

Առավոտյան Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ, ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, կիրառվել են «Սմերչ» տեսակի հրթիռներ։ Մարտունիում ևս շատ են նյութական վնասները։

Արտակարգ իրավիճակների գերատեսչությունից նաև հայտնում են, որ այսօր, ժամը 2-ն անց 20-ին «Գրադ» կայանքից հչթիռակոծման է ենթարկվել նաև Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, Քարեգահ – Բերձոր ճանապարհահատվածը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ավելի վաղ էլ հաղորդել էին, որ երեկ երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կրկին բարձրաձայնում է, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառում։ Արտակ Բեգլարյանը շեշտում է, որ այդ մասին խոսում են նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները․ - Այսօր էլ Human Rights Watch-ը բավականին արժեքավոր, պրոֆեսիոնալ զեկույց է հրապարակել կասետային զենքերի կիրառման վերաբերյալ՝ հստակ ապացույցներով, վկայություններով։ Դա էլ կարևոր փաստագրում է իրենց կողմից։ Սակայն մենք ավելի շատ ակնկալում ենք, բացի փաստագրումից, նաև հստակ գործողություններ միջազգային կազմակերպությունների ու խոշոր պետությունների կողմից, որը միտված կլինի կանխելու հետագա հանցագործությունները, նաև պատժելու նախորդ հանցագործությունների հեղինակներին ու պատասխանատուներին»։

Արտակ Բեգլարյանն ասում է, որ իրենց ունեցած տվյալներով, վերջին երկու օրերին քաղաքացիակ բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան․ - «Բայց նախնական տեղեկություններ ունենք, որ չի բացառվում, որ այն բնակավայրերը, որտեղ դիվերսիոն խմբերը ներխուժել են, կարող էին լինել քաղաքացիական անձինք։ Բայց դեռևս մենք ճշգրտելու փուլում ենք։ Քանի որ ռազմական գործողություններ են ընթանում, անհնար է այս պահին արձանագրել դեպքերը ամենայն մանրամասնությամբ և ճշգրտորեն։ Բայց համոզված եմ, որ իրական թիվը ավելի շատ է, ուղղակի մենք չենք կարողացել մանրամասները դեռևս ճշտել»։

Օմբուդսմենի տվյալների համաձայն, Արցախում արդեն 37 քաղաքացիական է զոհվել, 117-ն էլ վիրավորվել է: Մայրաքաղաք Ստեփանակերտն ընդհանուր առմամբ խաղաղ է, ժամանակ առ ժամանակ այստեղ պայթյունի ձայներ են լսելի: Մեզ տեղեկացնում են, որ դրանք հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են:

XS
SM
MD
LG