Մատչելիության հղումներ

Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Քաջինյանը


Ղարաբաղյան այս պատերազմում, ի թիվս այլ հերոսների, զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Քաջինյանը:

Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ այդ մասին մի քանի օր առաջ են տեղեկացել, բայց իրենց ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել են երեկ, երբ ճշտել են ընդամենը մեկ օրով առաջնագծից Երևան վերադարձած Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանից:

Ժիրայր Դադասյանի համոզմամբ, արցախյան այս պատերազմը բոլորին է ոտքի հանել և հատկապես լավագույններին, որոնցից մեկն էլ իր զոհված ընկերն էր՝ մարդկային բացառիկ հատկանիշների տեր, բոլորի կողմից անչափ սիրված Հովհաննես Քաջինյանը․ - «Ինքը էն տեսակ մի մարդ էր, էնքան ազնիվ, էնքան օրգանական էր ապրում։ Ինքը ինչպես ապրում էր, էդպես էլ բեմում էր։ Իսկ հումորը մի առանձնահատուկ հատկություն էր, որ ուներ։ Միասին տարբեր հյուրախաղերի ենք եղել տարբեր երկրներում, և էնպիսի մարդկային հատկանիշներ ուներ բացառիկ, որ ուղղակի շատ հազվագյուտ երևույթ ա մեր իրականության մեջ։ Անկեղծ ասեմ, որ այդ տեսակ բաց ներվով ապրող մարդը ուղղակիորեն անպաշտպան է, միշտ անպաշտպան է։ Ինքը շատ անկեղծ էր, ազնիվ ու ազատ։ Եվ հենց էդ պատճառով էլ ենթադրում եմ, որ այդ բաց ներվը իրեն տարավ մինչև սահման։ Ինքը չէր կարող այլ կերպ։ Ես չգիտեմ դետալները, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, բայց վստահ եմ, որ ինքը իրեն նետել ա ուղղակի առաջինը։ Ճանաչելով իրեն՝ ենթադրում եմ, որ չէր կարող այլ կերպ լինել։ Շատ դժվար է ձևակերպել, ինչ-որ բան ասել․․․ Կարծում եմ, որ մեր կողքին հրեշտակներ են ապրում, իսկապես հրեշտակներ են ապրում, որոնց մասին մենք չենք իմանում։ Հետո, երբ որ իրենք հեռանում են, նոր վերաիմաստավորելով հասկանում ես, որ հրեշտակ էր ապրում քո կողքին, որը լույս, բարություն ու ազնվություն էր իր շուրջ սփռում։ Բացառիկ տղա էր»։

Պատերազմական այս իրավիճակը փոթորկել է բոլորի հոգիները, ասում է Ժիրայր Դադասյանը և հավելում, որ ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ինքն էլ օր առաջ սպասում է պատերազմի ավարտին․ - «Մտահոգ եմ մեր տղաների համար։ Ես կուզեի, որ շուտ ավարտվեր էս սարսափելի պատերազմը, և բոլորը վերադառնային։ Մեր բոլոր երիտասարդները վերադառնային։ Վստահ եմ, որ արդեն իսկ ապացուցվեց բազմակի անգամներ մեր ազգային գենի հաղթած լինելը, բացառիկ անձնազոհությունը․․․ Չեմ կարող բառերով արտահայտել էն զգացողությունները, որ ես ունեմ, ունեցել եմ էս մի քանի շաբաթվա ընթացքում։ Բայց շատ կուզեմ, որ շուտ դադարի, և վերադառնան մեր տղաները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG