Մատչելիության հղումներ

Եթե բանկերն ու վարկային կազմակերպությունները ներեն զոհված և հաշմանդամ դարձած անձանց վարկերը, կազատվեն լրացուցիչ հարկերից. օրենքն ընդունվեց


Այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն այս պատերազմում զոհված ու հաշմանդամ դարձած անձնաց ու նրանց ընտանիքի անդամների վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Հարկային օրենսգրքի այս փոփոխություններն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ շեշտելով՝ ոչ թե բանկերը պարտավորվում են զրոյացնել նշված խմբի վարկերը, այլ կառավարությունը հնարավորություն է ստեղծում, որ իրենց հայեցողությամբ ներեն։

«Հնարավորություն է ընձեռում, որպեսզի վարկատու բանկերը և վարկային կազմակերպությունները ներեն այս վարկային պարտավորությունները, միաժամանակ պետությունը այդ ներելու հետևանքով չստացվող եկամուտների կամ կորցվող եկամուտների բեռի հարկին համապատասխանող մի մասը վերցնում է իր վրա», - ասաց փոխնախարարը:

Այս փոփոխությունները վերաբերում են զոհված կամ հաշմանդամ դարձած անձին, նրա կնոջը, ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ ծնողին։ Այս ցանկում են նաև զոհված կամ հաշմանդամ դարձած անհատ ձեռնարկատերերը, նոտարները ու նրանց հետ համատեղ ապրող անձինք:

«Քանի որ այստեղ, ցավոք, այլ տրամաբանություն է գործում և գործ ունենք զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած, ըստ այդմ ենթադրաբար աշխատունակությունը մասամբ կամ ամբողջությամբ կորցրած անձանց հետ, առաջարկվում է, որպեսզի անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար նույնպես այս հնարավորությունը տրվի», - նշեց Արման Պողոսյանը:

Ֆինանսների փոխնախարարը վստահեցնում է, թե բանկային ու վարկային ոլորտում արդեն կա վարկերը ներելու տրամադրվածություն։ Ի դեպ, օրենքում շեշտվում է, որ խոսքը բոլոր վարկերի մասին է՝ թե՛ անհուսալի ճանաչված՝ տույժ-տուգանքներով, թե՛ հուսալի համարվող:

«Մենք ուզում ենք, որ սա ընկալենք, որպես իրական հնարավորություն և իրական պատրաստակամություն, և ես համոզմունք ունեմ, որ այդպես էլ կա այն առումով, որ նախ ստեղծված իրավիճակն է առանձնահատուկ և երկրորդ, անգամ եթե էմոցիաները մի պահ մի կողմ թողնենք և փորձենք տնտեսագիտորեն նայել հարցին, իմաստ չկա պարզապես այդ ակտիվները շարունակ պահել բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվեկշռում, որովհետև եթե բանկը իրատեսորեն գնահատում է, որ դրա սպասարկման մարման հավանականությունը չկա կամ մոտ է զրոյի, բնականաբար, ամենառացիոնալ որոշումը պետք է լինի դրանք դուրս գրելը և այդ մարդկանց ազատելը վարկային պարտավորություններից», - նշեց նա:

Ազգային ժողովն այսօր քննարկում էր նաև Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին նախագիծը։ Այս նախագծով էլ առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից հումանիտար, ռազմական ու առողջապահական նշանակությամբ ներմուծված ապրանքը ազատել ավելացված արժեքի հարկից, պայմանով, որ մինչև ռազմական դրության ավարտն այդ ապրանքը հանձնեն Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների ու Առողջապահության նախարարություններին:

Հարկային արտոնություններ կգործեն նույն նպատակով այլ երկրներից ներմուծումների դեպքում։ Մինչև սեպտեմբերի 27-ը պահեստավորված և ռազմական դրության ժամանակահատվածում այն պետությանը փոխանցելու դեպքում նույնպես, ըստ փոխնախարարի, որոշ վերանայումներ կլինեն։

«Եթե նախկինում ներմուծված ապրանքը, որի համար սահմանին ավելացված արժեքի հարկ է վճարվել, հիմա նվիրատվությամբ հանձնվում է պետությանը, այդ գործարքը համարվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարք և հետևաբար նախկինում վճարված և հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները, այո, միացվում են ծախսեին», - հայտնեց նա:

Օրենսդրական փոփոխությունների երկու նախագիծն էլ Ազգային ժողովն այսօր ընդունեց միաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG