Մատչելիության հղումներ

Ալիևը այս պատերազմով միայն կարճաժամկետ միավորներ կարող է շահել իր երկրի ներսում, ընդգծում է ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահը


Արցախի ՊԲ զինծառայողը ռազմաճակատում, հոկտեմբեր, 2020թ.

«Լեռնային Ղարաբաղում ցանկացած ռազմական սայթաքում կարող է հանգեցնել հետևանքների, որոնք դուրս կգան Կովկասի սահմաններից», - «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքում հրապարակած իր հոդվածում պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ամերիկացի Քերի Քավանոն:

«Նախագահ Ալիևը պետք է հասկանա, որ ռազմական գործողությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են երկրի ներսում որոշակի կարճաժամկետ քաղաքական միավորներ պարգևել իրեն, չեն հանգեցնի ո՛չ հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցի հրապարակմանը, ո՛չ ներողությունների, առավել ևս՝ խաղաղության», - նշում է ամերիկացի դիվանագետը։

«Բանակցությունների սկզբից էլ պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը չի կարող տեղի ունենալ առանց տեղի հայ բնակչության անվտանգության և ապահովության՝ բանակցությունների միջոցով ձեռք բերված նախապայմանների, ինչպես նաև տարածաշրջանի ապագա քաղաքական կարգավիճակի հստակեցման», - պնդում է Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Քերի Քավանոյի համոզմամբ՝ այսօրվա պատերազմը զգալիորեն տարբերվում է հակամարտության նախորդ փուլերից՝ նախևառաջ արտաքին միջամտությունների պատճառով։

«Ադրբեջանը, Թուրքիայի հաստատակամ աջակցությամբ, ձեռնամուխ է եղել խնդրի ռազմական լուծմանը՝ անտեսելով պատերազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերը», - նշում է ամերիկացի դիվանագետը:

Քավանոն հիշեցնում է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է։ Դա սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, չի նշանակում, որ ղարաբաղյան նոր պատերազմը կարող է թուրք-ռուսական հակամարտության հանգեցնել։ Քավանոյի կարծիքով՝ ավելի մեծ է հավանականությունը, որ «ինչպես և Սիրիայում, Եվրոպայի այս անկյունում ևս կարող է ռուս-թուրքական միջնորդավորված պայքար ծավալվել՝ վնասելով բոլորին»։

Քերի Քավանոյի գնահատմամբ, երկու կողմն էլ բավականաչափ ժամանակակից զենքեր ունեն, որոնց կիրառումը «կարող է մարդկային տառապանքների, բայց ոչ պատերազմական հաղթանակների հանգեցնել»։

«Մոսկվայի լռությունը Էրդողանն ընկալում է որպես իր ծրագրերն իրագործելու թույլտվություն»

«Էրդողանն անում է այն, ինչի տակից կարող է դուրս գալ», - պնդում է Bloomberg-ի մեկնաբանը՝ հիշեցնելով, որ թուրքական «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունն այսօր վերածվել է «Բացառապես խնդիրներ» ռազմավարության։

Անդրադառնալով Կովկասում Թուրքիայի ակտիվությանը՝ Bloomberg-ի մեկնաբանը նկատում է. - «Հայ-ադրբեջանական պատերազմը երկրորդ թատերաբեմն է Լիբիայից հետո, որտեղ Էրդողանը խանգարում է Պուտինի նպատակների իրագործմանը։ Ռուսաստանի ղեկավարը համակերպվում էր Էրդողանի գործողություններին՝ նպատակ ունենալով ներսից տարրալուծել ՆԱՏՕ-ն ու խաթարել Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները»: Մեկնաբանը հիշեցնում է, որ վերջին անգամ երկու ղեկավարները բախվել էին 2015 թվականի աշնանը՝ Սիրիայում ռուսական օդանավի կործանումից հետո։Կովկասյան ճգնաժամի ընթացքում, ըստ Bloomberg-ի հոդվածագրի, Էրդողանը քննադատում է Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն զերծ է մնում Պուտինին ուղղված կոշտ որակումներից։

«Առաջին անգամ Թուրքիան խառնվում է մի տարածաշրջանի գործերին, որը Մոսկվան իր ազդեցության գոտին է համարում։ Դրանով են բացատրվում «կրակի վրա յուղ չլցնելու»՝ Անկարային ուղղված ռուսական կոչերը։ Դրանք, սակայն, Պուտինի շուրթերից չեն հնչում և չեն ուղեկցվում պատժամիջոցների սպառնալիքներով։ Մոսկվան հակված չէ կամ առայժմ չի ցանկանում թուրքերին հստակ նախազգուշացում ուղղել», - նշում է հոդվածի հեղինակը՝ արձանագրելով. - «Էրդողանի համար կարմիր լույսի բացակայությունը կանաչ լույս է նշանակում։ Մոսկվայի լռությունը նա ընկալում է որպես իր ծրագրերն իրագործելու թույլտվություն»։

«Բարոյական առումով Իսրայելը պետք է Հայաստանի կողքին լինի»

«Ինչո՞ւ պետք է Իսրայելը աջակցի Հայաստանին», - Jerusalem Post-ի էջերում այս հարցի պատասխանն է փորձում գտնել փոքրամասնությունների հարցերով զբաղվող Թել Ավիվի վերլուծական կենտրոնի փորձագետ Էմիլի Շրադերը։ Պնդելով, որ այս պատերազմի ընթացքում անգամ Իրանն է որոշակի աջակցություն ցուցաբերում Ադրբեջանին, իսրայելցի վերլուծաբանը հարցնում է՝ արդյո՞ք ճիշտ կողմ է ընտրել իր երկիրը ղարաբաղյան պատերազմում։

«Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը պետությունների այն խումբը չէ, որտեղ պետք է գտնվի Իսրայելը, և հաստատ չպետք է հայերին սպանելու նպատակով զենք մատակարարել Ադրբեջանին։ Բարոյական առումով Իսրայելը պետք է Հայաստանի կողքին լինի՝ մի երկրի, որը հրեական պետության հետ ընդհանուր արժեքներ ու շատ նման պատմություն ունի», - նշում է Jerusalem Post-ի հոդվածագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG