Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտում խաղաղ է եղել, սակայն մարդիկ նշում են՝ վստահություն չունեն զինադադարի նկատմամբ


Ստեփանակերտն այսօր` հոկտեմբերի 18-ին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կեսօրի դրությամբ հանգիստ է, գիշերն էլ հրետակոծության ու հրթիռակոծության ձայներ չեն եղել: Կեսգիշերից գործում է զինադադարի վերաբերյալ պայմանավորվածության այսպես ասած` երկրորդ փորձը, սակայն ինչպես առավոտյան տեղեկացրեց Պաշտպանության բանակը, առաջնագծի որոշ ուղղություններով ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել զինադադարի ռեժիմը:

Այսօր էլ Ստեփանակերտում առանձնապես մարդաշատ չեն փողոցները, մարդիկ ասում են` մեծ վստահություն չունեն հերթական պայմանավորվածության վերաբերյալ: Շատերը շարունակում են մնալ ապաստարաններում:

«Ճիշտն ասած` ես ադրբեջանական հաղորդումները նայում եմ, Ալիևը էն, ինչ ասում ա, իր խոսելաձևը, ասումա ` Ջաբրայիլը մերն ա, Հարդութը մերն ա, գալու ենք Շուշի, չայ խմենք, դա ամբողջը սուտ է, խոսելու ձևից էլ երևում է, որ սուտ է: Ես իմ տանն եմ, նկուղ չեմ իջնում», - ասում է կանանցից մեկը` հավելելով` որդին առաջնագծում է, ցանկանում է, որ բոլոր զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան:

«Նրանց դավերյա չկա, թուրքերին վապշե դավերյա չկա: Մենք միշտ էլ հանգիստ ենք եղել, մեր տղերքը հենա էնտեղ են», - մյուսն է հավելում:

Ստեփանակերտցիներից մեկն էլ ասում է` ապաստարան այս բոլոր օրերի ընթացքում չի գնացել, իր տանն է շարունակում ապրել. - «Ապասատարան չեմ գնում, երեխեքս պոստում, ես ապասատարան ե՞մ գնալու: Մեր բանակը կանգնած են, մենք հավատում ենք իրենց, որ կպաշտպանեն մեզ»:

«Մինչև չհաստատվի, ու օրենքը տեսնենք, պեչաթը մինչև չտեսնենք, ոչ մի բանի չենք հավատա», - կանանցից մեկն է շեշտում:

XS
SM
MD
LG