Մատչելիության հղումներ

Շոշի բնակիչներն ասում են՝ հողը թողնող չեն


Շոշ գյուղի բնակիչները, 16 հոկտեմբերի, 2020թ.

Արցախի Շոշ գյուղի բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, իրենց տները: Ասում են` մեր հողն է, մեր հողի համար մենք պիտի պայքարենք:

«Խաղաղ բնակիչների վրա կրակում են, տների վրա են կրակում, սաղ գյուղի վրա են կրակում, չենք կարողանում մի բան անենք: Ինչ ա կատարվում` մենք չենք իմանում: Էսպիսի բան չկա, մեր երեխաները կռվում են, մենք պայքարում ենք, մեր հողը մերն ա, պիտի մեր հողի համար մենք պայքարենք մինչև կյանքներիս վերջ, - նշում է բնակիչներից մեկը, - մինչև վերջին կաթիլը կռվելով, մենք էլ գիտենք, որ հաղթելու ենք: Մեր 18, 20, 21 տարեկան տղերքը կռվում են Սիրիայի, Աֆղանստանի, բոլոր ահաբեկիչների դեմ, տղերք են զոհվում 18-20 տարեկան, բայց էնքան ուժեղ տղերք են, որ կռվում են ահաբեկիչների դեմ: Ամբողջ աշխարհը պիտի լսի, եսա կմտնեն Ռուսաստան, ամեն տեղ և ամեն ինչ էլ կանեն: Տանը քնած ենք, հրթիռներ են գալիս, սկի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, մարդիկ կան, ասում են` էտպես բաներ չեն եղել»:

Կանայք էլ ապաստարաններում են: «Պարզապես բոլորս սպասում ենք էն երջանիկ օրվան, որ խաղաղ բանակցությունների միջոցով կդադարեցնեն էս պատերազմը, էսքան երիտասարդներ, արմատախիլ արվես ազգը պարզապես, էս ի՞նչ պիտի լինի հետագայում, չգիտեմ», - ասում է կանանցից մեկը:

Մյուսը, որ պատմության ուսուցչուհի է, նշում է. - «30 տարի երեխաներին մարդու իրավունքների մասին եմ սովորեցնում, որ ունենք միջազգային կազմակերպություններ, որ մտածում են ժողովրդի մասին, մարդու իրավունքների պաշտպանության մասին, որ պատերազմների ժամանակ են հիմնականում մարդու իրավունքները խախտվում, եթե պատերազմ է, մարդու իրավունքներն անպաշտպան են: Հիմա մեր միջազգային կազմակերպություններն, իմ կարծիքով, զրո են, էս իրավիճակում, որ մեր երեխեքը զոհվում են: Երեկ հուղարկավորություն կար մեր գյուղում, էսօր հուղարկավորություն կա: Բոլորի սիրտը կսկծում է մեր երեխաների համար, որ իրենց երազանքները կիսատ մնացին, իրենց նպատակները: Անորոշ վիճակ է, աշխարհն ինչի՞ մասին է մտածում, միջազգային կառույցներն ինչի՞ մասին են մտածում, այսինքն` կոնկրետ միջոցներ ձեռնարկեն Թուրքիային սանձահարելու համար: 150 հազար ժողովուրդը կռվում ա 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Համաշխարհային փորձագետներն էլ են այդ մասին ասում, որ սա աննախադեպ պատերազմ է: Էտ հրթիռակոծությունները տանն ենք լսում, թեկուզ մի քանի րոպեով գնում ենք, լսում, տեսնենք` ինչ-որ առաջխաղացում կա մեր օգին»:

XS
SM
MD
LG