Մատչելիության հղումներ

Ըստ «Ֆրանս Պրեսս»-ի, ադրբեջանցի գյուղացիները դեռ մինչև սեպտեմբերի 27-ն էին հասկացել, որ կարող է պատերազմ սկսվել


«Ռազմաճակատին հարող ադրբեջանական գյուղերի բնակիչները դեռ մինչև սեպտեմբերի 27-ը հասկացել էին, որ ուր որ է պատերազմ է սկսվելու»․ այս մասին գրում է AFP գործակալության Ստամբուլի թղթակից Դմիտրի Զաքսը, որը մեկն է այն հատուկենտ արևմտյան լրագրողներից, որոնց պատերազմի մեկնարկից հետո թույլ են տվել մուտք գործել Ադրբեջանի տարածք։

Զաքսը, պաշտոնական Բաքվի թույլտվությամբ, այցելել է Աղդամի շրջանում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածը՝ տեղացիների հետ զրույցներում պատերազմական գործողություններին նախորդող ժամակահատվածի մասին բավական հետաքրքիր մանրամասների տեղեկանալով։

«Բահարլի գյուղի 68-ամյա բնակիչ Բայրան Խալիլովը հասկացավ, որ [ճակատում] ինչ-որ խնդիրներ են հասունանում, երբ պետական մարմինները աշխատակիցները սկսեցին իր տան հետնամասում խրամատ փորել», - գրում է AFP թղթակիցը՝ մեջբերելով ադրբեջանցի գյուղացու հետևյալ խոսքերը․ - «Այդ մարդիկ եկան մեկ կամ երկու ամիս առաջ և սկսեցին փորել։ Ասում էին, թե դա իմ անվտանգության համար է, բայց բոլորս էլ գիտեինք, որ ինչ-որ բան է տեղի ունենալու»։

«Խալիլովի պատմածից կարելի է հետևության հանգել, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններից առնվազն մի քանիսում ծանր ռազմական գործողություններին պատրաստվում էին դրանց մեկնարկից դեռ շաբաթներ առաջ։ Բահարլիում գտնվող մեր զրուցակիցներից որևէ մեկը սակայն տեղյակ չէր, թե ինչն էր ստիպել ադրբեջանական իշխանություններին ռազմաճակատի երկայնքով նոր խրամատներ փորել», - գրում է AFP-ի լրագրողը։

«Կովկասյան նախալեռներում գտնվող այս փոշոտ բնակավայրում ժամանակին 800 ընտանիք էր ապրում։ Այժմ սակայն այստեղ ընդամենը 100 տղամարդ է մնացել», - գրում է AFP-ի թղթակիցը։

Ֆրանսիական գործակալության ռեպորտաժից նաև պարզ է դառնում, որ մարտական գործողությունների ընթացքում գյուղում հիմնականում տարեցներն են մնացել։ Բահարլիում տիրող իրավիճակի նկարագրությունից դատելով՝ նրանց կենսական ապրանքներով ապահովելն անգամ այս պահին խնդրահարույց է։

AFP-ի ադրբեջանցի զրուցակիցներից ևս մեկը՝ գյուղի բնակիչ Միքայիլ Իսմաիլովը, ամեն օր ոտքով երկու կիլոմետր է կտրում, անցնում է ռազմաճակատին հարող դաշտերի կողքով՝ ընդամենը մի քանի հաց գնելու համար։

Երեկոյան կողմ էլ գյուղում մնացած ծերունիների հիմնական զբաղմունքը, ըստ ֆրանսիական գործակալության, միասին հավաքվելն ու մարտական գործողություններին հետևելն է։

«Մենք չենք վախենում», - պնդում է Իսմաիլովը։ Նրա համագյուղացի Ակիֆ Կասիմովի վկայությունները սակայն հակառակի մասին են վկայում։

«Երբ հրետակոծությունները շատ են սաստկանում, գյուղացիներից ոմանք լքում են [տարածքը]», - Բահարլիի այս մի բնակչի խոսքերն է մեջբերում AFP-ի թղթակից Դմիտրի Զաքսը։

Ֆրանսիացի լրագրողի աչքից ադրբեջանական բնակավայրում առկա այլ դետալներ ևս չեն վրիպել։

«Գյուղի անվնաս մնացած տներից մի քանիսում սեղաններին դեռ անավարտ ճաշեր կան՝ վկայություն, թե որքան հապշտապ են ընտանիքները լքել այս բնակավայրը», - նկարագրում է AFP-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG