Մատչելիության հղումներ

Արցախի փոքրաթիվ ժողովուրդը, Արմեն Սարգսյանի խոսքով, պայքարում է տարածաշրջանի ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար


Նախագահի հանդիպումը եվրոպացի լրագրողների հետ, 13-ը հոկտեմբերի, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում, պատասխանել նրանց հարցերին։

Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար․ Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում:

Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է:

Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար:

«Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար», - ընդգծել է նախագահը՝ շարունակելով․ - «Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու»։

Սարգսյանն ընդգծել է՝ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը:

«Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել», - ասել է նախագահը՝ շարունակելով ․ - «ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»:

Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհն այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում, Արմեն Սարգսյանի համոզմամբ, իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար:

Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին:

«Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի», - նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը ևս մեկ տարբերություն է նշել․ - «Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը»:

Նախագահն անդրադարձել է նաև կողմերի ռազմական միավորումների տեղակայման վայրերի տարբերությանը․ - «Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG