Մատչելիության հղումներ

Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների և Կասպշիկի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրադրությունը


Ռուսաստանում պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել է նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը:

Մնացականյանը նշել է, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։

ՀՀ ԱԳ նախարար ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Երեկ Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները, որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել: Փաստաթղթում այդ թվում նշված է, որ կողմերը համաձայն են սկսել սուբստանտիվ, այսինքն` բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG