Մատչելիության հղումներ

Իրանի հյուսիսում անօդաչու թռչող սարք է կործանվել


Իրան - Արդաբիլ, արխիվ

Իրանի հյուսիսում՝ Ադրբեջամնի հետ սահմանակից Արդաբիլ նահանգում, անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է տեղական «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներին ու տեսանյութերին։

«Տուժել են գյուղատնտեսական տարածքներ, մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան», - հաղորդում է «Մեհր»-ը, հավելելով՝ առայժմ հստակ չէ, թե որ կողմից է այն արձակվել։

Փորձագետներն այժմ ուսումնասիրում են՝ որ երկրից է ուղարկվել անօդաչու թռչող սարքը:

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը խստորեն նախագուշացրել էր Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը չտեղափոխել իր տարածք։

«Մենք խոսել ենք երկու երկրների կառավարությունների հետ և հորդորել՝ վերահսկել իրենց ռազմական գործողությունները», - երեկ ասել է ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, հավելելով՝ եթե իրավիճակը չբարելավվի, Իրանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG