Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքական վերլուծաբանի, Ալիևը ոչ մի բան չի շահել այս պատերազմում


Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման տաղավարում, 11-ը հոկտեմբերի, 2020թ․

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ուզում զինադադարը հարգել, որովհետև ոչ մի բան չի շահել այս պատերազմում և հիմա, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահին դժվար է իր քաղաքացիներին բացատրել, թե որտեղից հայտնվեցին հազարավոր դիակներ

«Իրենք Մոսկվայում ստորագրեցին էդ փաստաթղթի տակ, բայց չեն ուզում հարգել, ու մենք պետք է սկսենք մտածել՝ ինչո՞ւ չեն ուզում հարգել, ինչո՞ւ չեն ուզում իրենց դիակները հավաքեն տանեն Ադրբեջան։ Ես չեմ բացառում, որ պատճառը նա է, որ ոչ մի բան չշահեց Ալիևը, գոնե վիզուալ ես չեմ տեսնում միանշանակ հաջողություն իրենց կողմից։ Ավելի շատ միջին իրավիճակ մենք ունենք, ոչ ոք ֆորմալ մեծ հաջողություն չստացավ ու հիմա իրան դժվար է իր քաղաքացիներին բացատրել էդ որտեղից հայտնվեցին հազարավոր դիակներ։ Դա է միգուցե պատճառը, որ ինքը չի շտապում էդ հումանիտար զինադադարը կյանքի կոչել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբանը։

Գրիգորյանի խոսքով՝ «Ադրբեջանի հրահրած պատերազմի արդյունքում Ալիևը կկորցնի իշխանությունը»։

«Դա շատ հավանական է, ուրիշ բան՝ մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ձեռնտու չէ։ Ավելին ասեմ՝ էդ իր հարցազրույցում ինքը պասեր էր տալիս Ռուսաստանին Ռուսաստանի դերի հետ կապված․․․ ինքը լրջագույն սխալներ արեց․ վարձկաններ բերեց ու հարվածեց ոչ միայն մեզ, ինչքան Ռուսաստանին ու Իրանին, հիմա հասկանում է, որ դա սխալ է, հիմա սկում է խաղեր տալ, բացել հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվի բանակցությունների», - ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։

Գրիգորյանի համոզմամբ, Ալիևի փոփոխված տոնը ցույց է տալիս, որ հայկական կողմը ճիշտ ճանապարհով է գնում։

«Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, չպետք է շեղվենք, չպետք է թուլացնենք մեր ճնշումը, սփյուռքահայությունը պետք է ջախջախի իրենց կոնցեպտը աշխարհով մեկ, մենք պետք է շարունակենք աշխատել, մեր կարծիքն ասել, պայքարել, ներկայացնել, բանակն իր դերը խաղա ու պետական ինստիտուտները։ Ոչ մի դեպքում չթուլանալ, ոչ մի դեպքում զգոնությունը բոլոր մակարդակներով չթուլացնել, քանի որ ինքը սովոր է սադրանքներ անելուն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG